Նախօրեին Ֆրանսիայում դեպի Վալանս տանող ճանապարհի վրա հայերի բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի կողմից մուրճերով հարձակման ժամանակ վիրավորված հայ երիտասարդի վիճակը լավ է: Այս մասին նշել է ակցիայի մասնակից ֆրանսահայերից մեկը՝ հավելելով, որ բժիշկներն ասել են, որ նույնիսկ կարող է վիրահատության կարիք չլինի:

«Սադրանքների չենք տրվում եւ հասկանում ենք, թե սրանց (թուրքերին նկատի ունի-խմբ) հետին մտքերն ինչ կարող է լինել, ինչեր են ծրագրել»,-ասել է նա:

Իր հերթին նախօրեի ակցիայի մասնակիցներից ֆրանսահայ Ստելլա Դավթյանը նշել է. «Պետք է տնից դուրս չգալ, զգուշանալ թուրքերի և ադրբեջանցիների հետ բախումներից՝ սադրանքներից խուսափելու համար: Թե՛ դեսպանատան, թե՛ ոստիկանության կոչն այն է, որ սադրանքների չտրվենք, դուրս չգանք փողոցներ, չպատասխանենք թուրքերին իրենց ձևով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ին, հայերը փակել էին Ֆրանսիայում Վալանս տանող մայրուղին եւ իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ, նաեւ պահանջում էին Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը: Սակայն խաղաղ ցույցի ժամանակ հյերի վրաեն հարձակվել մի քանի թուրքեր՝ մուրճերով ու դանակներով: Վիրավորվել է շուրջ 10 մարդ:

Իսկ արդեն գիշերը թուրքերի 150 հոգանոց ամբոխը դուրս է եկել Լիոն, Վիեն քաղաքների փողոցներ եւ փնտրել հայերի՝ հաշվեհարդար տեսնելու համար: