Աշխարհի ամենահարուստ մարդը` Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, չորեքշաբթի 6.8 միլիարդ դոլար է կորցրել, իսկ աշխարհի թոփ 10 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը համաշխարհային ֆոնդային բորսաների փլուզման արդյունքում մեկ օրում կրճատվել է 37.36 միլիարդ դոլարով, վկայում է Bloomberg միլիարդատերերի ինդեքսը ( BBI), որը հաշվարկվում է Bloomberg գործակալության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ծանր վնասներ են կրել նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը` համապատասխանաբար 5.75 մլրդ եւ 4.24 մլրդ դոլար: Ցուկերբերգը եւ Մասկը BBI-ի միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում են չորրորդ եւ երրորդ տեղերը: Երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, ով այդքան էլ շատ չի տուժել. մեկ օրվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել է «ընդամենը» 2.3 միլիարդ դոլարով:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Forbes ամսագիրը, վկայակոչելով Forbes Real-Time հաշվիչի տվյալները, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ օրում կրճատվել է 34 միլիարդ դոլարով: Պարբերականի գնահատականներով` Ցուկերբերգը դուրս է եկել ավելի քան 100 միլիարդ դոլար կարողություն ունեցող մարդկանց շարքից, իսկ ներդրող Ուորեն Բաֆեթը տեղափոխվել է յոթերորդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` զիջելով հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիին:

Forbes-ի համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը հիմնականում ամերիկացիներից է բաղկացած. միայն երկու տեղերն են զբաղեցնում այլ երկրների քաղաքացիներ` Reliance Industries-ի սեփականատեր Մուքեշ Ամբանին Հնդկաստանից եւ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահը Ֆրանսիայից:

Միլիարդատերերի կարողության անկումը պայմանավորված է խուճապով համաշխարհային ֆոնդային շուկաներում համավարակի երկրորդ ալիքի ֆոնին: Այդպես, ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ընկել են 4 տոկոսի սահմաններում: