Ննգի գյուղը ռմբակոծության տակ է հայտնվել հոկտեմբերի 27-ի կեսօրին, գյուղացիներից ոմանք  այդ պահին գյուղամիջում են եղել, ամեն ինչ կատարվել է իրենց աչքի առջեւ:

Գյուղացիների համոզմամբ ռազմական ավիացիան է հարվածել բնակավայրին, ռումբեր են պայթել ոչ միայն գյուղի կենտրոնում, այլեւ հարակից անտառապատ տարածքում: Մահաբեր ռումբից մնացել են պարաշյուտի մնացորդներն ու ավերածությունը:

Առնվազն 4 ռումբ են գցել: Գյուղացիները տեսել են ռումբի ընկնելը՝ պարաշյուտով: Գյուղում մասամբ վնասվել են ենթակառուցվածքներ ու բնակելի տներ, ոչնչացվել են ընտանի կենդանիներ, բարեբախտաբար զոհեր չկան: Երկու բնակիչ թեթեւ վիրավորումներ են ստացել: Տուժել են 10-15 տուն:

«Ես դիրքերից եմ եկել, եկել էի, որ լողանամ, տեսա տունը սաղ ավերած է»,-ասում է աշխարհազորային, հրետանավոր Արմեն Նասիբյանն ու հավելում. «Թշնամին ճարահատյալ է հարվածում գյուղերին, ինչ-որ տեղ մեծ կորուստ են ունեցել:

«Նենց ենք պահում մեր դիրքերը, որ չի կարող թշնամին մտնի, 100 տոկոսով եմ ասում»,-ընդգծել է նա: