«Արեւելյան հիտլերը»՝ Էրդողանը, Ադրբեջանի անշլյուս է իրականացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով թուրքական պետության պատմությանը՝ Բաբայանը նշեց, որ ներկայիս իրադարձությունները կարելի է անվանել Թուրքիայի «երրորդ ընդլայնում»: Առաջինը տեղի է ունեցել սելջուկների ժամանակ: Սելջուկների կայսրության փլատակների վրա հիմնվեց Օսմանյան կայսրությունը: Ապա ներկայիս Թուրքիան, եւ ըստ բովանդակության այն խիստ տարբերվում է նախորդներից: «Օսմաններն ու սելջուկները ազգայնական մոտեցում չունեին պետականաշինության հարցում: Նրանք տարածքներ էին գրավում եւ ցանկանում էին փոխառել տեղական բնակչության սովորույթները, նպատակաուղղված փոխում էին անթրոպոլոգիական պատկերը, այսինքն՝ ցանկանում էին ինչ-որ կերպ հրաժարվել քոչվոր անցյալից՝ այն համարելով անախրոնիզմ, որը հարիր չէ կայսրությանը: Ներկայիս թուրքերն այլ մոտեցում ունեն: Հիմքում նացիզմի գաղափարախոսությունն է: Մինչեւ Օսմանյան կայսրության անկումը դրանում ներդրվել է պանթյուրքիզմի գաղափարախոսության տեսքով դանդաղ գործողության ական: Այն կոչված է եղել թույլ չտալ երկարաժամկետ հիմքով Ռուսաստանի եւ Թուրքիայի միություն, էքսպանսիան Եվրոպայից ուղղել դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Անդրկովկաս: Այս իրավիճակը նման է նրան, ինչ տեղի ունեցավ Գերմանիայի հետ՝ Արեւելքում ընդլայնման ազդակ է հաղորդվել: Այսինքն, դա տեխնոլոգիա է, որը միշտ աշխատում է. իմ թշնամու թշնամին իմ ընկերն է: Բացի այդ, պանթյուրքիզմի գաղափարը պետք է պայթեցնի Օսմանյան կայսրությունը ներսից՝ փոխարինելով պանիսլամիզմի գաղափարախոսությունը, քանի որ թուրք սուլթանը միաժամանակ ուղղադավանների, սունիթների ղեկավարն է: Օսմանյան կայսրության փլուզումից հետո Աթաթուրքը նոր ազգայնական կայսրություն ստեղծեց՝ զուտ թուրքական պետություն:

Թուրքական նացիստական պետությունը ձգտում է ընդլայնել իր սահմաններն այլ ժողովուրդների հաշվին եւ նրանց ոչնչացնելով: Դա օսմանների եւ սելջուկների մոտ չկար: Նրանք գրավում էին ժողովուրդների, սակայն չէին բնաջնջում, եւ նույնիսկ առանց պատերազմի գրավման դեպքեր են եղել»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Սակայն պանթյուրքիզմի գաղափարախոսության ներդրումից հետո տեսնում ենք այլ իրավիճակ, որը նման է Հիտլերի օրոք Գերմանիայի հետ տեղի ունեցածին՝ շարունակեց նախագահի խորհրդականը: «Էրդողանն այդ գաղափարախոսության մարմնացումն է: Պատահական չէ, որ նա աստվածացնոմ է Հիտլերին: Նա ասել է, որ Հիտլերն իր համար կառավարչի իդեալ է: Բոլորը դա կուլ տվեցին, ներառյալ՝ Իսրայելը: Այլապես այժմ Իսրայելի կառավարությունում չէին լինի մարդիկ, ովքեր Հիտլերի հետեւորդին զենք են վաճառում: Դա նոնսենս է:

Իհարկե, նացիզմի ճանապարհին կանգնած բոլոր պետություններին ցավալի վերջաբան էր սպասվում:  Առավել քան համոզված եմ, որ նման տեսակի գործողություններն ի վերջո կհանգեցնեն այդ երկրի փլուզման: Մենք չգիտենք, թե երբ դա տեղի կունենա: Չեմ ցանկանում գուշակել կամ հանգստացնել, որ վաղը Թուրքիան կփլուզվի եւ այլն: Մենք չգիտենք, թե երբ դա տեղի կունենա, սակայն ականը վաղուց է դրված, ժամերն անցնում են: Ոչ ոքի հայտնի չէ, թե որքան դա կտեւի, եւ ինչ տեղի կունենա: Սակայն այն, որ նացիզմը դարձել է  Թուրքիայի գաղափարախոսությունը, փաստ է: Եվ այժմ մենք ունենք անշլյուս ի դեմս Ադրբեջանի: Հիշեցնեմ, որ Ավստրիան առաջին երկիրն է, որին կուլ տվեց հիտլերյան Գերմանիան: Ադրբեջանի թուրքական անշլյուսն այն է, ինչ այսօր տեղի է ունենում: Նացիստական Թուրքիայի օրակարգում է հայերի ոչնչացումը՝ Ղարաբաղ, Զանգեզուր եւ այլն: Այդ ծրագրերին վիճակված չէ իրականանալ, սակայն հենց դա է նրանց նպատակը: Եվ անշլյուսը տեղի է ունենում պետությունների թողտվությամբ, որոնք պետք է պարտադիր արձագանքեն: Ցավոք, դեռ չենք տեսնում նրանց կոնկրետ քայլերը»,-ընդգծեց Բաբայանը:

Ի պատասխան քրդական գործոնի մասին հարցին՝ Դավիթ Բաբայանն արձանագրեց, որ քրդերը լրջագույն սպառնալիքի տակ են։ «Որովհետեւ նրանք հիմա հայտնվել են հայերի տեղում, եթե պրոյեկտենք 1914 թվականի իրավիճակը։ Նրանք էթնիկ պատնեշ են նացիստական թուրքական կայսրության ստեղծման ճանապարհին՝ բաժանելով Անատոլիայի թուրքերին Իրանի, Անդրկովկասի թուրքերից եւ այլն։ Նրանք ուղղակի կամրջի մեջտեղում են՝ որը Անատոլիայի թուրքերին կապում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Պովոլժիեի թուրքերի հետ։ Այսինքն՝ ինչպես դա եղել է հայ ժողովրդի դեպքում։ 1914 թվականին հայերը վերածվել էին գլխավոր պատնեշի։ Հիմա մեր տեղում քրդերն են։ Սա պետք է հասկանան նաեւ քուրդ գործիչները։ Առավել եւս, որ քրդերն այն գործոնն են, որը կարող է թուրքական պետությունը ներսից սասանել։ Թուրքական էքսպանսիայի ճանապարհին քրդերը կարեւոր խոչընդոտ են»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։