Ավելի քան 40 ուղղիչ հաստատություններում հայտնաբերված վարակումների ֆոնին շուրջ 5 հազար իտալացի բանտարկյալներ կտեղափոխվեն տնային կալանքի։ Իտալիայի արդարադատության նախարարությունն իր որոշումը պատճառաբանել է համավարակի շրջանում բանտերը բեռնաթափելու ցանկությամբ, որտեղ հնարավոր չէ երաշխավորել սոցիալական հեռավորության պահպանումը, փոխանցում է RG-ն։ 

Adnkronos գործակալության տեղեկություններով՝ գրեթե 55 հազար բանտարկյալների շրջանում հայտնաբերվել է մոտ 150 դրական դեպք։

Համավարակի առաջին ալիքի ժամանակ իշխանությունները, որոնք բանտերից ազատել էին գրեթե 400 մաֆիոզ պարագլուխների, բախվեցին իրենց ուղղված կոշտ քննադատության եւ ստիպված էին նրանց վերադարձնել բանտեր։ Այս անգամ տվյալ միջոցառումը կիրառվելու է բացառապես ոչ ծանր հանցարարքների համար դատապարտվածների նկատմամբ, որոնց համար որպես խափանման միջոց է ընտրվել 6-ից մինչեւ 18 ամսվա բանտարկությունը։ Դրանից բացի յուրաքանչյուր առանձին դեպքով թույլտվությունը պետք է տա հատուկ տրիբունալը։

Իտալիայի արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեի պարզաբանմամբ՝ 3 հազար դատապարտյալներ կրելու են էլեկտրոնային ապարանջան, որի միջոցով իշխանությունները հետեւելու են նրանց գտնվելու վայրին։