Երեւանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը, ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Երեւանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլի սրացումից հետո: Նրա խոսքերով, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբը եւ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ:

«Սակայն այնուհետեւ Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն ու ստուգելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, եւ մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է Մնացականյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է խաղաղապահների ներդրմանը, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում:

«Ինչը կարելի է շեշտել հենց սկզբից. Ցանկացած խաղաղարար մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով եւ գործով գործում են ոչ թե չեզոք, այլ որպես հակամարտության կողմ»,- ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ «խաղաղապահ գործողությունը միշտ եղել է հիմնական սկզբունքների մի մասը եւ, հետեւաբար, հակամարտության կարգավորման կարեւոր բաղադրիչը»: «Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցուցակ»,- ասել է նա: