Բաքուն հրաժարվում է կառուցողական աշխատել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պարամետրերի ուղղությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որի կետերն իրենցից ներկայացնում են «ճանապարհային քարտեզ»: Նա նշել է, որ առաջին 3 կետերը, որոնք վերաբերում են հրադադարին, դրա կոնկրետ պարամետրերը համաձայնեցնելու անհրաժեշտությանը, զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակմանը, պետք է կատարվեն անհապաղ եւ առանց նախապայմանների:

«Բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ ստանձնել կայուն հրադադարի հարցով պարտավորությունները, հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմներ ստեղծելուց, եւ նրա վաղեմի դիրքորոշումն է խուսափել կայուն հրադադարի ռեժիմից եւ տարածք թողնել փոխադարձ մեղադրանքների համար»,-ասել է Մնացականյանը:

«Այժմ վերիֆիկացիոն մեխանիզմների հարցով խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ: Ադրբեջանը դեռ հրաժարվում է կառուցողական աշխատել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պարամետրերի ուղղությամբ եւ շարունակում է մասշտաբային ռազմական գործողությունները»,-հավելել է նա: