Մալայզիայի նախկին վարչապետ Մահաթհիր Մոհամմադը հայտարարել է, որ մահմեդականներն իրավունք ունեն «նախկինում կոտորածների համար միլիոնավոր ֆրանսիացիների սպանել»:

Մահմեդական աշխարհի հարգված առաջնորդ, 95-ամյա Մահաթհիրը ասել է, թե հավատում է խոսքի ազատությանը, բայց այն չպետք է օգտագործվի ուրիշներին վիրավորելու համար:

«Մահմեդականներն իրավունք ունեն զայրանալ եւ սպանել միլիոնավոր ֆրանսիացիների` անցյալում կատարված կոտորածների համար: Ընդհանրապես, մահմեդականները չեն կիրառում «ակն ընդ ական» օրենքը: Մահմեդականները դա չեն անում: Եւ ֆրանսիացիներն էլ չպետք է անեն»,- գրել է նա իր բլոգում: «Քանի որ դուք մեղադրում եք բոլոր մահմեդականներին եւ նրանց դավանանքը այն բանի համար, ինչ արել է մեկ զայրացած մարդ, մահմեդականներն իրավունք ունեն պատժել ֆրանսիացիներին»,- ասել է նա:

Մահմեդական մեծամասնություն ունեցող մի քանի երկրներ դատապարտել են ֆրանսիացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ ի պաշտպանություն ֆրանսիական դպրոցներում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների օգտագործման: Մահմեդականներն այդ ծաղրանկարները սրբապիղծ են համարում: