Հագած–կապած, ծաղիկներն ու փուչիկները ձեռքներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի ծննդատան դիմաց՝  մարտակերտցի անչափահաս 5 աղջիկներն ու երկու տղաները անհամբերությամբ սպասում էին մայրիկի ու ընտանիքի 8–րդ զավակի՝  Միքայելի դուրսգրմանը։ 

Գագիկ եւ  Լուսինե Միրզոյանները փոքրիկին նախ ցանկացել են Տիգրան անվանակոչել, ապա մտափոխվել են։ Լուսինեն ամուսնուն առաջարկել է Միքայել անունը, Գագիկն էլ դեմ չի եղել։ 34–ամյա 8 զավակների մայրն ասում է, եթե Աստված կամենա, պատրաստ են ընտանիքի անդամների թիվը կրկին ընդլայնել։

Գագիկն այս պահին որպես կամավոր ռազմաճակատում է։

 «Ամուսինս ինչով կարողանում օգնում է մեր հայրենիքին։ Էստեղ երեխաները դպրոց են  հաճախում,  բայց սպասողական վիճակում ենք, երբ կռիվը վերջանա, գնանք մեր տունը, մեր հողի վրա ապրենք»,– ասում է Լուսինե Միրզոյանը։

Յոթ երեխաներին այս ընթացքում Լուսինեի մայրը՝ տիկին Արեւիկն է պահել։ Արցունքներն աչքերին Արեւիկ Ղուլյանն ասում է՝ սգում է բոլորի համար, վիշտը ծանր է, բայց թոռները տատիկին ընկճվել  չեն թողում։

«Ճիշտ է՝ իմ սիրտն ու միտքն էնտեղ է, ես իրենց հետ եմ, բայց հիմա էստեղ եմ ու  երեխաները չեն թողնում, որ ես արցունք թափեմ։ Հայրիկի հետ երեխեքը խոսում են, ամենափոքր աղջիկը՝ Միլանան ասում է՝ պապայիս եմ ուզում,  ինչի՞ չես գալիս, դու խաբեցիր, ասեցիր՝ գալում եմ, հայրն ասաց՝ բալես, գալում եմ, ասում է՝  էլի խաբո՞ւմ ես»,–  պատմում է տիկին Արեւիկը։

Առաջնագծում կանգնած տղաներին Միրզոյանները ուժ են կամենում, վստահ են՝ հաղթանակը մերն է լինելու։

34–ամյա Լուսինեն  եւ նորածին Միքայելը լավ են իրենց զգում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի ծննադատան վարիչ Արսեն Սարգսյանն ասում է, որ պատերազմից առ այսօր ծննդատանը Արցախից 15 ծնունդ են ընդունել։

«Լուսինեն ուշադրության արժանի է նրանով, որ սա իր 8–րդ բալիկն է, մեզ  խոստացել է, որ դեռ երկու տղա էլ պիտի ունենա, որպեսզի հերոս մայրիկի կոչում ստանա։ Ծնունդը բարեհաջող է անցել», – հավելեց նա։