ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Ինդոնեզիայում, Չինաստանն անվանել է «կրոնական ազատության ապագայի ամենալուրջ սպառնալիքը», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, Պոմպեոն բարձր է գնահատել նրա նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ այլ կրոնների հանդեպ հանդուրժողականությանը: Ջակարտայում պետքարտուղարը ելույթ է ունեցել ազատական մահմեդական Nahdlatul Ulama կազմակերպության ներկայացուցիչների առջեւ, որը որպես հակակշիռ է գործում իսլամական արմատական շարժումներին:

Իր ելույթում Պոմպեոն խոսել է մահմեդականների, բուդդայականների, քրիստոնյաների ու արգելված «Ֆալունգուն» շարժման կողմնակիցների դեմ Չինաստանի «պատերազմի» մասին:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հատուկ նշել է Սինցզյան քաղաքում Պեկինի «դաժան վերաբերմունքը» մահմեդական ույղուրների հանդեպ: Պոմպեոն ասել է, որ Չինաստանի իշխանությունները «հորինում են երջանիկ ույղուրների մասին ֆանտաստիկ պատմություններ, ովքեր ձգտում են հրաժարվել իրենց էթնիկ, կրոնական եւ մշակութային ինքնությունից՝ «ժամանակակից» դառնալու համար:

Պետքարտուղարը նաեւ հիշատակել է Մյանմայի զինված ուժերի կողմից ռոհինջա-մահմեդականների «դաժան ճնշումները», ինչպես նաեւ Իրանում բահայիների, քրիստոնյաների, սուննի-մահմեդականների եւ այլ փոքրամասնությունների հետապնդումները: