Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երեւանում, նա չի մեկնել Իսրայել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ գործողություններ են արվել կամ նախատեսվում Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կանչելուց հետո, քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշել էր խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։

Հարցին՝ ինչպիսի՞ն է այժմ Հայաստանի դիրքորոշումն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ, Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ այդ մասին հստակ հայտարարություն է արվել. «Այն հայտարարվել է ոչ թե մեկ կամ մի քանի  երկրի նկատմամբ, այլ այն սկզբունքային դիրքորոշում է, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքը օգտագործել քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական  ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանելով Ադրբեջանին սպառազինության մատակարարման մասին հարցին՝ ընդգծել էր, որ հայկական կողմը համարում է, որ անթույլատրելի է Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնում է լայնածավալ ագրեսիա ընդդեմ Արցախի եւ Հայաստանի:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել կանչել դեսպանին խորհրդատվությունների համար»,- ասել էր նա։