Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում հոկտեմբերի 1-ից կամավորները զինվորների համար անհրաժեշտ պարագաներ են պատրաստում։ Առաջին օրերին պոլիեթիլենից անձրևապաշտպան թիկնոցներ էին պատրաստում, այժմ կամավորների աճին զուգընթաց պատրաստում են նաև պատգարակներ, վրաններ, գլխարկներ, քողարկիչ ցանցեր։ 

«Համակուրսեցիներով դիմեցինք տնօրինությանը, մեզ տարածք հատկացրեցին։ Գրառումներ արեցինք սոցիալական ցանցում, ինչից հետո մեզ միացան կամավորները։ Ունենք կամավորներ, որոնք իրենց ընդմիջման ժամին են գալիս այստեղ, որ զինվորներին օգտակար լինեն։ Աշխատում ենք ամեն օր՝ առավոտից մինչեւ ուշ երեկո։  Սկզբում հումքը ձեռք էինք բերում անձնական միջոցներով, հետո հաշվեհամար բացեցինք։ Մեզ շատ են օգնում նաև սփյուռքից։ Մենք թիկունքն ամուր կպահենք, մինչև մեր հերթն էլ գա», -պատմեց նախաձեռնության կազմակերպիչներից Միքայել Սարգսյանը։