Երեք տարի առաջ ականապատված մեքենայի պայթյունից զոհվեց մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան։ Նա հետաքննում էր «Մալթայի Էլեկտրոգազ» հեղուկ գազի կայանի շինարարության ծրագրին առնչվող աղմկահարույց գործը։ Ծրագրում ներգրավված էին ադրբեջանական «Սոկարը», գերմանական «Սիմենսը» և ադրբեջանցի գործարար Յորգեն Ֆենեկը։ Ֆենեկը նախկինում եղել է «Սոկարի» գործընկեր ադրբեջանական «Էլեկտրոգազ» ընկերության տնօրենը։ Մալթայի նախկին նախարարներից Կոնրադ Միզին և վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Քեյթ Շեմբրին կասկածվում են փողերի լվացման մեջ։

«17 Բլեք» ընկերության փողերի հետքը տանում է Շվեյցարիա․ առկա են Ադրբեջանի հետ կապեր

Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ կասկածվող՝ Յորգեն Ֆենեկի ընկերությունը 2.3 միլիոն եվրո է ստացել Շվեյցարիայից կառավարվող մեկ այլ ընկերությունից, որը կապեր ունի Ադրբեջանի հետ:

Ֆենեկին պատկանող «17 Բլեք» ընկերությունը 2015թ․ նոյեմբերի 24-ին 2․3 միլիոն եվրո է ստացել Crowbar Holdings-ից։ Crowbar Holdings-ը պատկանում է ադրբեջանցի միլիոնատեր Ռովշան Թամրազովին։ Այն գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, սակայն կառավարվում է Շվեյցարիայից։ Թամրազովին է պատկանում նաև Ժնևում գրանցված նավթային Maddox ընկերությունը։ Թամրազովը չի մեկնաբանել, թե ինչ նատակով է Ֆենեկին գումար փոխանցել։ Ֆենեկը գործարքի հաջորդ օրը երեք միլիոն եվրո է փոխանցել մեկ այլ ադրբեջանցու՝ Թուրաբ Մուսաևին։ Մուսաևը «Սոկարի» ներկայացուցիչն է Մալթայում։ Այդ գումարով նա ձեռք է բերել Մոնտենեգրոյում հողմաէներգետիկ կայաններ, որոնք եռակի բարձր գնով վերավաճառել է Մալթայի «Էնեմալթա» ընկերությանը։ Հենց նրա հետ է Ֆենեկը մշակել Մալթայում հեղուկ գազի կայանի շինարարության ծրագիրը։

Մալթայի հետաքննողները պարզել են, որ Շվեյցարիայի և Ադրբեջանի քաղաքացի Մարիամ Ալմասզադեն, որը ներկայում «Սոկարի» գլխավոր գործադիր տնօրենն է, նախկինում զբաղեցրել է Crowbar Holdings-ի տնօրենի պաշտոնը։ Նա ևս երկու տարի աշխատել է Թամրազովին պատկանող Maddox-ում, որպես գլխավոր գործադիր տնօրեն։ Հայտնի գործարքից մի քանի ամիս առաջ Crowbar Holdings-ի տնօրենի պաշտոնում նրան փոխարինել է մի շվեյցարացի իրավաբան։ Ալմասզադեն և իր հաջորդը հրաժարվել են հետաքննող լրագրողների հարցերին պատասխանելուց։

Պաշտոնական հարցումներ

Շվեյցարիայի իշխանությունները հաստատել են, որ Մալթայի ոստիկանությունը 2018 թվականին տեղեկատվություն է խնդրել «Սոկարի» վերաբերյալ՝ «փողերի լվացման և կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն» գործի շրջանակներում:

Հարցումն ուղարկվել է այն բանից հետո, երբ Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության վարչությունը (FIAU) հետախուզական հաշվետվություն է ներկայացրել ոստիկանությանը, որտեղ Ֆենեկը նշված է որպես «17 Բլեքի» սեփականատեր:

Շվեյցարիայի իշխանությունները հաստատել են, որ դեռ անցյալ տարվա օգոստոսին Մալթայի գլխավոր դատախազը հարցում էր ուղարկել՝ «Սոկարի» մասին տեղեկատվություն ստանալու խնդրանքով։

Times of Malta-ն 2018 թվականին հաղորդել էր, որ ադրբեջանցի մի անվտանգության աշխատողի պատկանող «Մայոր Տրանս» ընկերությունը 2015թ․ նոյեմբերին երկու տրանշով 1․4 միլիոն եվրո է փոխանցել «17 Բլեք»-ին։

Մարիո Պուլիչինոն, ով «Էլեկտրոգազին» հեղուկացված բնական գազ մատակարարող լողացող պահեստային կայանի ներկայացուցիչն է, նույնպես 2015 թվականին 161․000 եվրո է ուղարկել «17 Բլեք»-ին։

Աղբյուրը՝ «Times of Malta» և «24 Heures», 16 հոկտեմբերի 2020թ․

Նշենք, որ «Սոկարը» ֆինանական հսկայական հոսքերով է ապահովում Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Այս օրերին «Սոկարը» պատերազմական քարոզ է իրականացնում իր սոցիալական կայքերում։