Մեծ Բրիտանիայում հրապարակել են ռուսական կայսերական ընտանիքի ազգական լորդ Լուիս Մաունտբետենի նամակը, որում նա մեկնաբանել է Նիկոլայ II-ի ընտանիքի զոհվելու մասին գաղտնի տեսությունը, որի համաձայն արքայադուստր Անաստասիան կարող էր ողջ մնացած լինել ազգականների գնդակահարությունից հետո, հայտնում է Daily Mail-ը։

Նամակը թվագրված է 1975 թվականի մարտի 11-ով եւ հասցեագրված է ոմն պարոն Վուդկոկ-Քլարկի։ Լորդը նամակում կարծիք է հայտնում, որ Անաստասիա Նիկոլայեւնան, որն իր զարմուհին է, այդ իրադարձություններից հետո չէր կարող ողջ մնացած լինել։ Մաունտբետենը վստահ է, որ արքայադուստրը սպանվել է ընտանիքի մյուս անդամների հետ միասին, սակայն անմիջապես չի մահացել, նրան սպանել են սվինների հարվածներով։

Լորդը նամակում նաեւ հիշեցրել է 1922 թվականին տեղի ունեցած պատմության մասին, երբ ոմն Աննա Անդերսոն հայտարարել էր, որ ինքը ռուս կայսեր դուստր Անաստասիան է, բայց դա չի կարողացել ապացուցել դատարանում։ Ավելի ուշ պարզվեց նրա ինքնությունը՝ գործարանի լեհ աշխատակից Ֆրանցիսկա Շանցկովսկայա, որը տառապում էր հոգեկան խանգարմամբ։ Մաունտբետենը պատմել է, որ այս գործի հանդեպ մեծ հետաքրքրություն է դրսեւորել եւ զբաղվել է հանցանշաններ հավաքելով Անդերսոնին մերկացնելու համար, ինչպես նաեւ մեծ փողեր է ծախսել դատական ծախսերի համար, որ հայցը վիճարկի։

Դրանից բացի, լորդը նամակում ներկայացրել է ռուս վերջին կայսեր բնութագիրը՝ նրան անվանելով «հմայիչ եւ բարի մարդ, բայց չափից ավելի թույլ, որ լիներ հաջողակ ինքնակալ միապետ»։

Լորդ Մաունտբետենը Նիկոլայ II-ի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի զարմիկն է եւ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի քեռին։

Նիկոլայ II-ը, նրա կինը, երեխաները եւ սպասավորները 1918 թվականի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գնդակահարվել էին Եկատերինբուրգում։ 1999 թվականին սպանության գործի քննությունն ավարտվել էր, բայց 2007 թվականին այն վերսկսել էին արքայազն Ալեքսեյի եւ նրա քրոջ՝ Մարիայի մասունքները հայտնաբերելուց հետո։

2015 թվականին Կիրիլ պատրիարքը դիմել էր Ռուսաստանի կառավարությանը «լրացուցիչ նույնականացման հետազոտություն» անցկացնելու խնդրանքով։ Այս նպատակով արտաշիրմել էին Ռոմանովների աճյունները, որոնք թաղվել էին 1998 թվականին Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարում, որ վերցնեն Նիկոլայ II-ի եւ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի նմուշները։