Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը ներկայացրել է նոր կարանտինի պայմանները, որը երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում մտցվում է այսօր գիշերը՝ հոկտեմբերի 30-ից եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ առնվազն։ Դրանից բացի, նա հաստատել է, որ ԵՄ արտաքին սահմանները փակ են լինելու, իսկ ներքին սահմանները բաց կմնան։ Ընդ որում՝ ֆրանսիացիներին թույլ չի տրվի բնակության վայրից 1 կիլոմետրից ավելի հեռանալ, եթե դրա համար հատուկ հիմնավորումներ չունեն, փոխանցում է RFI-ն։

«Ինչպես եւ նախորդ կարանտինի ժամանակ (որը Ֆրանսիայում գործել է մարտի կեսից մայիսի 11-ը) դուք կարող եք տանից դուրս գալ պարենի գնումներ կատարելու, ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար (եթե այն չեք կարող կատարել հեռավար), ինչպես նաեւ եթե բժշկական, ընտանեկան անհետաձգելի պատճառներ կան, ձեզ կանչում են վարչական կամ դատական իշխանությունները, կամ վարչական իշխանությունների հարցմամբ մասնակցում եք հանրային օգտակար աշխատանքների»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Սպորտային անհատական պարապմունքների, ինչպես նաեւ կենդանիների հետ զբոսանքների համար չի թույլատրվելու տանից հեռանալ 1 կիլոմետրից ավելի։ Կարանտինին չհետեւելու համար տուգանքը մնացել է նախկինը՝ 135 եվրո առաջին խախտման համար եւ ավելի շատ կրկնվելու դեպքում։

Փակ առեւտրի կետերն ու ռեստորանները կկարողանան շարունակել գործել առաքման ռեժիմով: «Կրոնական պաշտամունքի հաստատությունները» բաց կմնան, սակայն ցանկացած արարողություն արգելված կլինի:

Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ, ի տարբերություն գարնանային կարանտինի, պուրակները, այգիները, անտառներն ու լողափերը բաց կմնան: Բայց ֆրանսիացիները չեն կարողանա գնալ իրենց ամառանոցներ. առանց հիմնավոր պատճառների տեղաշարժը երկրի տարածքով արգելվում է:

Ընդ որում, ԵՄ ներքին սահմանները բաց են մնում, իսկ արտաքինները փակ կլինեն, ասել է Կաստեքսը` հիշեցնելով նախագահ Մակրոնի երեկվա հայտարարությունն այս թեմայի շուրջ: Ֆրանսիա մուտք գործելու համար ԵՄ սահմանը կկարողանան հատել միայն Ֆրանսիայի քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունեցող մարդիկ` կորոնավիրուսի բացակայության մասին վկայող թեստի արդյունքների առկայության դեպքում: Թեստը պետք է անցկացվի սահմանն անցնելուց առաջ 72 ժամվա ընթացքում: «Նրանք, ովքեր թեստի արդյունքներ չեն ունենա, ստիպված կլինեն հանձնել այն ժամանելուն պես»:

Էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել է, որ, նախնական գնահատականներով, նոր կարանտինը 15 միլիարդ եվրո կարժենա պետական ​​գանձարանին: Այդ գումարը որպես աջակցություն կհատկացվի բիզնեսին եւ քաղաքացիներին: