Apple-ը հրապարակել է ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որն ավարտվել է սեպտեմբերի 26-ին։ Այս ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 64,7 մլրդ դոլար՝ գերազանցելով վերլուծաբանների ակնկալիքները (64 մլրդ դոլար), հայտնում է Financial Times-ը։

Սակայն, չնայած հասույթի աճին, ընկերության 4-րդ եռամսյակի արդյունքները հիասթափեցրել են ներդրողներին եւ անդրադարձել նրա շուկայական արժեքի վրա։ Reuters-ը հայտնում է, որ հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի բաժնետոմսերը ժամանակավորապես նվազել են 5 տոկոսով, ինչի հետեւանքով ընկերությունը 100 մլրդ դոլարով էժանացել է։ Գործակալությունը շուկայի այսպիսի արձագանքը պայմանավորում է iPhone-ի վաճառքի ցածր ցուցանիշով։ Նոր սմարթֆոնների ուշ թողարկման պատճառով դրանց վաճառքը չի հայտնվել 4-րդ եռամսյակի հաշվետվության մեջ։ Արդյունքում այս ժամանակահատվածում iPhone-ի վաճառքը տարեկան արտահայտությամբ կրճատվել է 20,7 տոկոսով եւ կազմել 26,4 մլրդ դոլար։

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ 5G տեխնոլոգիայով նոր iPhone-ները լավ են վաճառվելու Չինաստանում, որտեղ օգտատերերի զգալի մասը համացանցային արագ կապի հասանելիություն ունի, նշում է Reuters-ը։ Սակայն 4-րդ եռամսյակում այս երկրում սմարթֆոնների վաճառքը նվազել է 28,5 տոկոսով եւ կազմել 7,95 մլրդ դոլար, նշում է Forbes-ը։