ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն սահմանափակումներ մտցնել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս մասին հայտարարել է առողջապահական հարցերով եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդեսը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պետք է հաղթահարենք առօրյա կյանքում սահմանափակումները, որպեսզի կոտրենք փոխանցման շղթան»,-ասել է նա ԵՄ առողջապահության նախարարների տեսահամաժողովի ժամանակ:

Ֆրանսիան եւ Գերմանիան այս շաբաթ հայտարարել են նոր սահմանափակումների մասին, քանի որ վարակը հասել է 10 միլիոնի շեմին, իսկ հիվանդանոցներում եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կրկին շատացել են կորոնավիրուսով վարակված պացիենտները:

Բարերը, ռեստորանները փակ են, մարզական եւ մշակութային միջոցառումները սահմանափակվել են եվրոպական մի շարք երկրներում:

Կիրիակիդեսը խոստովանել է, որ անհրաժեշտ միջոցներից որոշները «ցավոտ» են եղել, եւ Եվրոպայում շատ մարդիկ դժկամությամբ են պահպանում նոր սահմանափակումները: