ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի հետ կապված Իրանի հյուսիսարեւմտյան սահմանին որեւէ վտանգ չկա: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին՝ նշելով, որ երկրի սահմանամերձ շրջաններում ապրող բնակիչների անվտանգությունն Իրանի «կարմիր գիծն» է, հաղորդում է Mehr-ը:

Ելույթ ունենալով Արեւելյան Ադրբեջան նահանգում գտնվող սահմանամերձ Ջուլֆա եւ Հոդա Աֆարին շրջաններ այցի ժամանակ՝ գեներալը հայտնել է, որ ԶՈւ ստորաբաժանումներ են տեղակայվել երկրի հյուսիսարեւմտյան սահմանին, նպատակը շրջանների պաշտպանությունն է, որը երկրի համար «կարմիր գիծ» է համարվում:

«Մեր կարմիր գիծն է մեր ժողովրդի անվտանգության, խաղաղության եւ հարմարավետության ապահովումը, եւ մենք թույլ չենք տա, որ բնակիչների անվտանգությունը վտանգի տակ հայտնվի»,-ասել է նա:

Ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի իր հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, եւ բարիդրացիական հարաբերություններ է պահպանում երկու պետությունների հետ: Մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմաններն ու կարգավորել խնդիրները բանակցային սեղանի շուրջ»,-հավելել է գեներալը: