ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցով Համատեղ հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Քննարկումը կայացել է ԵՏՀ առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովի եւ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Վան Շոուվենի ղեկավարությամբ: Կողմերը քննարկել են համաձայնագրի իրականացմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» մշակումը:

Համատեղ հանձնաժողովի համանախագահները կարծիքներ են փոխանակել 2020 թվականին փոխադարձ առեւտրաշրջանառության եւ ներդրումային համագործակցության վիճակի մասին՝ նշելով, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը նվազել է աննշան՝ 6,3 տոկոսով, եւ այս տարվա հունվարից օգոստոս ամիսների տվյալներով հասել 79,1 մլրդ դոլարի: Չինաստանը ԵԱՏՄ արտաքին առեւտրաշրջանառությունում զբաղեցնում է 20 տոկոս մասնաբաժինն ու այդ ցուցանիշով առաջ անցնում այլ արտասահմանցի գործընկերներից:

Վան Շոուվենը ուշադրություն է դարձրել նրան, որ պանդեմիայի ֆոնին ուղիղ ներդրումների ծավալների գլոբալ կրճատումը չի անդրադարձել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ համագործակցության վրա, ԵԱՏՄ անդամ պետություններում Չինաստանի ներդրումները կազմել են տարեկան մոտ 700 մլն դոլար՝ 8 տոկոս աճ ցուցաբերելով:

Նիստի ընթացքում առավել կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ նախաձեռնությամբ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հետագա ծրագրերի առնչությամբ:

Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է գործնական ուղղություններով աշխատանքը կենտրոնացնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ աշխատանքը սիստեմատիկ եւ պլանային ռեժիմով կատարելու համար «անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ մշակել առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար, որը կարող է ներառել հիմնական վերահսկման կետերն ու համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների առեւտրի, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի ենթակառուցվածքների արդիականացման, թվայնացման եւ «խելացի» տեխնոլոգիաների ոլորտում:

«Ճանապարհային քարտեզը կարող է համագործակցության զարգացման լիարժեք, հավելյալ գործիք դառնալ եւ կօգնի կազմակերպել Համատեղ հանձնաժողովի նիստերի աշխատանքը կոնկրետ ուղղություններով»,-հայտարարել է Անդրեյ Սլեպնյովը:

Չինական կողմը՝ ի դեմս Համատեղ հանձնաժողովի համանախագահ Վան Շոուվենի, առաջարկել է «ճանապարհային քարտեզի» մոտեցումների մշակման ժամանակ հաշվի առնել Սահմանային համագործակցության միջազգային «Խորգոս» կենտրոնի փորձն ու այն տարածել կոոպերացիոն այլ ուղղությունների վրա՝ ընդ որում հաշվի առնելով ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրային կապերի խորացման հարցով առավել ամբիցիոզ ծրագրերի հնարավոր իրականացումը:

Սահմանային համագործակցության միջազգային «Խորգոս» կենտրոնը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կարեւոր հանգուցային կենտրոնն է: Այն Չինաստանը կապում է Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, առեւտրի, ֆինանսական լոգիստիկայի եւ մշակութային փոխանակումների հիման վրա: