Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝  ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։  

«Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակարպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես կազմակերպել, որ ագրեսիա ցույց չտանք, որպեսզի մարդիկ չկարծեն՝  մենք ագրեսիվ ենք։ Միշտ ասում ենք, որ մենք հաղթելու ենք մեր մշակույթով, և փաստում ենք, որ նրանց ծրագիրը չի ստացվի»,-«Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Բոհջալյան-Քալայջյանը։

Անցած կիրակի մեքենաներով երթ են կազմակերպել։ Ակնկալվող 150 մեքենայի փոխարեն 450-ն է միացել երթին։ Մասնակիցները 3 ժամով քաղաքի բոլոր գլխավոր պողոտաները փակել էին։

«Ոստիկանությանը խնդրել էինք, որ մեզ պարզապես ճանապարհով ուղղորդի։ Չէինք ուզում քաղաքում որևէ խնդիր ստեղծել, ուզում էինք՝ մարդիկ տեսնեին, որ մենք լավ կազմակերպված ժողովուրդ ենք։ Շատ զորավոր էներգիա կարողացանք ստեղծել»,- պատմեց նա։

Վարդինե Բոհջալյան-Քալայջյանի խոսքով՝ այժմ ավելի քան երբևէ հայերը պետք է իրենց ուժը ցույց տան միասնականությամբ։

«Մեր ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է։ Մենք հայերս քիչ ենք, թեկուզ այն 3 մլն-ը, որ Հայաստանում է, բայց հիմա ավելի, քան երբևէ, մեր ուժը ցույց ենք տալիս մեր միությամբ։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ, ասենք, Եվրոպայում ճանապարհներ են փակում։ Նայում եմ, ասում եմ՝ մենք կանք, և ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել։ Ունենք գեղեցիկ հայրենիք, որին բոլորս պետք է օգնենք, որովհետև հակառակ դեպքում, չունենք իրավունք ասելու, որ մենք հայ ենք»,-հավելեց Բրազիլիայի Հայ դատի ներկայացուցիչը։

Նա տեղեկացրեց, որ երկրում բոլոր հայկական կազմակերպությունները աշխատում են կատարել նվիրատվություններ՝ ի նպաստ Արցախի բարեկեցության։