«Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրացվի եւ քննարկման ներկայացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանը փորձում է պարտադրել իր միակողմանի տեսակետները, որոնք խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվության եւ իրադարձությունների աղավաղված փաստերի տարածում: Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են»,- այս մասին հոկտեմբերի 29-ին Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հակադարձելով նախորդիվ Ադրբեջանի Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաեւի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձեւակերպումներին:

Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրների, ինչպես նաեւ շահագրգիռ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներ:

Ռուբեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում, որն իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ եւ ներգրավված օտարերկրյա գրոհայինների մասնակցությամբ.

«Ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այլեւ շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ օգտագործելով ժամանակակից բոլոր տեսակի զենքերը` թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով եւ ռազմական հանցագործություններով: Այս գործողությունների հետեւանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը:

Հայաստանը հետեւողականորեն պահպանում է հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, 17-ին եւ 26-ին ձեռք բերված համաձայնություների անվերապահ իրականացումը, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աջակցությամբ:

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական լուծումը բացառող դիրքերից` մենք եւս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միջազգային մանդատ ունեցող ձեւաչափն է:

Կոչ ենք անում Ադրբեջանին եւ նրա հովանավոր Թուրքիային հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից՝ սաբոտաժի ենթարկելու միջազգային հանրության ջանքերը` ուղղված վերահսկվող հրադադարի ռեժիմի հաստատմանը, եւ մեղքը հայկական կողմի վրա բարդելու»,- իր ելույթում նշել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են, մասնավորապես, բնակչության զբաղվածության ապահովմանը, աշխատանքի պաշտպանությանը, ընտանիքին տրամադրվող պետական աջակցությանը, կյանքի որակի նորմատիվների մշակմանը եւ այլն:

Հանդիպման արդյունքում ընդունվել են ԱՊՀ շրջանակներում աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք որոշումներ: