Առնվազն 6 մարդ է զոհվել, 202-ը՝ վիրավորվել Թուրքիայի արեւմուտքում՝ Իզմիր նահանգում, երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին ուրբաթ հայտնել են Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զոհերի թիվը հասել է 6-ի: Վիրավորվել է 202 մարդ»,-ասվում է  վարչության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի եւ 152 տուժածի մասին:

Վարչությունում պարզաբանել են, որ զոհվածներից մեկը խեղդվել է ծովի բարձր ալիքի հետեւանքով, ինչի պատճառով նահանգի որոշ շրջաններում տեղի է ունեցել ջրհեղեղ:

AFAD-ից պարզաբանել են, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են 12 ավիրված եւ վնասված շենքերի տեղում: Առողջապահության ղեկավար Ֆահրեթին Քոջիի խոսքով՝ մարդկանց որոնման գործում ներգրավված է բժիշկների շուրջ 40 խումբ, փրկարարների 35 ջոկատ եւ երկու բժշկական ուղղաթիռ: Տեղաբնակները նույնպես հնարավորինս օգնում են մասնագետներին: Իշխանությունները կոչ են անում փողոցում հայտնված քաղաքացիներին չզբաղեցնել ավտոճանապարհները հատուկ տեխնիկայի, բժիշկների եւ փրկարարների երթեւեկությունը չխոչընդոտելու համար:

AFAD-ից նաեւ հայտնել են, որ երկրաշարժից հետո Էգեյան ծովում գրանցվել է 67 հետցնցում Թուրքիայի տարածքում:

Նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը պարզաբանել է, որ փրկարարները դուրս են բերել փլատակների տակից 70 մարդու: «Առնվազն 70 մարդ է փրկվել փլատակների տակից, փրկարարները շարունակում են աշխատանքները: Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ փողոց սեփական ավտոտրանսպորտով փրկարարների եւ մյուս ծառայությունների աշխատանքը չխոչընդոտելու համար»,-ասել է նա TRT հեռուստաալիքի եթերում: