Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները դիմել են Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին՝ կապված Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրավիճակի հետ: Նրանց համար անհասկանալի է ԱԳՆ ղեկավարի լռությունը, հաղորդում է «Inosmi»-ն:

«Դուք սահմանափակվել եք Արցախի անկախությունը ճանաչելու Ֆրանսիայի ամբողջ հայ համայնքի եւ պատգամավորների կոչին լակոնիկ պատասխանով: Չցանկանալով ասված այդ խոսքերը նշում են Ֆրանսիայի «չեզոքությունը»: Ձեր կողմից որեւէ առաջարկ կամ գաղափար չի հնչեցվել, որը ցույց կտար ձեր մտահոգությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական կոալիցիայի ագրեսիայի կապակցությամբ: Դուք երբեք չեք դատապարտել այդ զանգվածային, կոշտ եւ տոտալ ագրեսիան:

Լքված Արցախ

Արցախ՝ տարածաշրջանի իրական անվանումը, որը թաթարները, կներեք, ադրբեջանցիներն անվանել են Լեռնային Ղարաբաղ: Սակայն, կարծում եմ, Դուք գիտեք այդ մասին: Դուք կրթությամբ պատմաբան եք, եւ պետք է իմանաք՝ ինչ հանգամանքներում է 1918 թվականին հորինվել Ադրբեջանն ու ինչու է Լենինը, ով մտածում էր, թե այդպիսով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին կներգրավի կոմունիստական ճամբարում, Ստալինին թույլ տվեց կիսել Հայաստանը եւ Նախիջեւանը ու Արցախը փոխանցել Ադրբեջանին: Իսկապես, մենք՝ հայերս, որեւէ հետաքրքրություն չենք ներկայացնում Ֆրանսիայի համար՝ բացառությամբ ռազմական ժամանակաշրջանի: Մանուշյանն ու արեւելյան լեգեոնի հազարավոր կամավորներ դարձան դրա վկաները: Այդ ամենն անցյալում է: Սակայն անցյալը կրկին կհայտարարի իր մասին, մենք կլինենք այստեղ, դրանում չկասկածեք:

Մենք դեռ ոչինչ չարժենք Ձեր կոմերցիոն աշխարհընկալումներում, եւ Ձեր «չեզոքությունը» բացարձակ տրամաբանական է:

Դուք նեղացնում եք դիվանագիտական դաշտը՝ ի շահ տնտեսական եւ ֆինանսական պրագմատիզմի: Ես հասկանում եմ, որ կոմերցիոն տեսակետից էթիկան ոչինչ չի նշանակում. դա հնացած է, դա անցյալ աշխարհի այլ արժեքներ են: Դուք Ադրբեջանին ներկայացնում եք որպես ժողովրդավարական երկիր, այնինչ, այնտեղ ավտոկրատ դիկտատուրա է տիրում: Դուք գիտեք, որ Ալիեւը ճնշում է իր ժողովրդին, լեզգինների եւ թալիշների զավակներին ուղարկում՝ կռվելու այլոց թշնամու հետ: Դուք գիտեք, որ ընտանիքը թալանում է նավթադոլարներ, որոնք, հավելեմ, որ երկար չեն ծառայի:

Ձեզ հայտնի է Արցախում 1987 թվականի հանրաքվեից հետո ջարդերի մասին: Պատգամավորների պալատը բավարարեց հարցումը, քանի որ այն համապատասխանում էր Գորբաչովի ժամանակների ԽՍՀՄ օրենքներին: Այնուամենայնիվ, փաստաթղթի վավերացումից հետո ջարդեր տեղի ունեցան Սումգայիթում եւ Բաքվում, որի զոհ դարձան Ադրբեջանում ապրող խաղաղ հայեր, լռեցվեցին ժողովրդավարական ձայները:

Քանի որ ժամանակակից պատմությունը Ձեր առաջին կիրքն է, Ձեզ հայտնի կլինի այդ տարածաշրջանում ջարդերի մասին, որոնք կազմակերպել են թաթարները, կներեք, ադրբեջանցիները 1906, 1918 եւ 1920 թվականներին:

Այո, պարոն նախարար, սա երկար եւ արյունալի պատմություն է: Դուք, հավանաբար, միամտորեն կարծում էիք, որ ամեն ինչ ավարտվել է 1915 թվականին: Այնուամենայնիվ, այդ մարդիկ ունեն «երկու ժողովուրդ՝ մեկ ատելություն» հայացքներ, եւ իրենց նախնիների գործը ցանկանում են ավարտին հասցնել:

Էրդողանը, մեջբերում եմ, ասել է. «Եթե դուք նման կերպ շարունակեք, վաղը ոչ մի եվրոպացի, ոչ մի արեւմտացի իրեն անվտանգ չի զգա աշխարհում ոչ մի վայրում»: Ալիեւն, իր հերթին, խոստացել է. «Մենք հայերին կքշենք, ինչպես շների, եւ նրանց կխեղդենք սեփական արյան մեջ»: Կամ էլ եւս մեկը. «Նրանց (ֆրանսիացիներին) մնում է Մարսելն արաբներին հանձնելը»: Ահա, չարության եւ հիմարության նման մակարդակի հետ գործ ունեն Երեւանն ու Ստեփանակերտը:

Դուք, հավանաբար, ունեք վերացականանալու մեծ ունակություն: Կարող եմ միայն շնորհավորել Ձեզ այդ կապակցությամբ:

Արցախը մեզ համար Էլզասն ու Լոթարինգիան է, մենք երբեք այն չենք թողնի: Հասկանո՞ւմ եք: Մեզ ոչինչ չի մնում, քան դիմակայել, հակահարված հասցնել զավթիչներին, որոնք երազում են մեր մահվան մասին: Դա պատերազմ է, որի հետ բախվել է հայ ժողովուրդը, եւ դա լոկալ կոնֆլիկտ չէ: Դրա ապացույցն է Թուրքիայից եւ Պակիստանից ռազմական խորհրդատուների ներգրավումը, Սիրիայից, Լիբիայից եւ Աֆղանստանից ջիհադիստները: Լսեք Էրդողանի խոսքերը, եւ Դուք կհասկանաք իմ զգուշացումների էությունը: Նա հավատարիմ է իր խոսքին: Այդ չարությամբ եւ ատելությամբ լցված ռեւանշիզմը թափ է առնում: Եթե նրան չկանգնեցնենք, շատ ուշ կլինի, ընդ որում, ոչ միայն հայերի համար: Շուտով արյուն կարող է թափվել Հունաստանում եւ Բալկաններում: Ֆինանսական շահը չի՞ մթագնում Ձեր միտքը: Չե՞ք նկատում, թե ինչ է տեղի ունենում: Արցախի եւ Հայաստանի բնակիչները լոկ տարածաշրջանի մաս չեն: Նրանք են տարածաշրջանն արդեն ավելի քան 2000 տարի: Նրանք տարածաշրջանի դարպասներն են, նրա մշտական պահապանները:

Դուք պետք է հասկանաք, որ նրանք պաշտպանում են, մի՞ թե դուք պատմաբան չեք:

Հարգանքով՝

Սիմոն Աբգարյան՝ դերասան, դրամատուրգ եւ ռեժիսոր,

Սերժ Ավետիքյան՝ դերասան եւ ռեժիսոր,

Ռոբեր Գեդիկյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ»,-ասվում է Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչների նամակում: