Քիչ առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը (Ֆոտոռեպորտաժ):

Ընդդիմադիր գործչին դիմավորելու էին եկել նրա հարազատները, ընկերները Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ, որոնք վաղ առավոտից սպասում էին ՔԿՀ պատերի մոտ: Նիկոլի հայրը` Վովա Փաշինյանը մինչ ազատ արձակումը ասել է, որ շատ ուրախ է, քանի որ այս օրվան երկար է սպասել. «Ես ուրախ եմ, բայց այս 3 օրն ավելի դաժան էր, քան 3 տարին: Այլեւս սպասել չեմ կարող հասնում եմ հուսահատության»,-ասել է Վովա Փաշինյանը:  Իսկ Նիկոլ Փաշինյանի մայրը` Երջանիկ Փաշինյանն ասել է, որ ինքը կհավատա Նիկոլի ազատ արձակմանը միայն այն ժամանակ, երբ նրան տեսնի գաղութից դուրս գալիս:

Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո, քաղբանտարկյալին բոլորը դիմավորել են բուռն ծափողջյուններով եւ շարժման կարգախոսները վանկարկելով:

Նշենք, որ այսօր, մի քանի ժամ առաջ «Դատապարտյալների հիվանդանոցից» ազատ է արձակվել նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2010-ի հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ Փաշինյանի նկատմամբ համաներում էր կիրառվել եւ պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվել էր:

Այս համաներումը թվով երկրորդն է նրա համար: Հայաստանի Ազգային Ժողովը մայիսի 26-ին ձայների 91 կողմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու մասին առաջարկը:

Ըստ այդ առաջարկի, ազատ են արձակվելու 396 դատապարտյալներ, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնությամբ ձերբակալված անձինք:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի