ՀՀ կառավարությունը կաջակցի բիզնեսին համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրները լուծելու հարցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը, նրա խոսքով, հասցեական քաղաքականություն կվարի:

Խաչատրյանը նաեւ նշեց երկու հիմնական գործոն, որոնք ազդել են այս տարվա տնտեսական վիճակի վրա եւ կշարունակեն ազդել 2021 թվականին:

«Առաջին հերթին, տարեսկզբից պանդեմիան հանգեցրեց նրան, որ անհրաժեշտ եղան որոշ շտկումներ կառավարական փաթեթում՝ ուղղված տնտեսական աջակցությանը ինչպես արտահանման ոլորտում, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ տարբեր զբոսաշրջային միջոցառումների զարգացմանը»,-ասաց նախարարը:

Երկրորդ հերթին, նախարարի խոսքով, ռազմական դրությունը նոր խնդիրներ ստեղծեց, որոնց այսօր բախվում է մասնավոր ոլորտը: