Կանխատեսումներ անելը բարդ է, երկու թեկնածուներն էլ թվերով շատ մոտ են, շատ լարված պայքար է սպասվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ այսօր ԱՄՆ-ում նախատեսված  ներկայացուցիչների պալատի, Սենատի 1/3-ի և նախագահական ընտրություններին։

 Նախագահի երկու թեկնածու կա՝ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Ջո Բայդենը։

«Դոնալդ Թրամփի վերընտրվելը, իհարկե, հերոսություն է լինելու, որովհետև շատ բարդ ընտրապայքար է մղվում։ Կարծում եմ, որ սա Միացյալ Նահանգների պատմության ամենալարված ընտրություններն են լինելու, բայց չմոռանանք, որ սա ոչ միայն նախագահական ընտրություններն են, այլև Ներկայացուցիչների պալատի, Սենատի 1/3-ի, և այս առումով պայքարը գլոբալ կոնտուրներ է ստանում»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ջո Բայդենը ուժեղ մրցակից է գործող նախագահին,  բացի այդ կորոնավիրուսով պայմանավորված ներքաղաքական իրավիճակը լարված է, ինչը Թրամփի դեմ օգտագործվում է։

«Հարցումների արդյունքով այս պահին 8, 5%-ով առավելություն ունի Ջո Բայդենը, բայց չմոռանանք, որ 2016թ․-ին էլ 12% -13% առավելություն ուներ Հիլարի Քլինթոնը, իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, բոլորիս է հայտնի»,- ասաց միջազգայնագետը։

Անդրադառնալով հարցին, թե ընտրություններում նրանցից յուրաքանչյուրի հաղթանակից ի՞նչ կարող ենք ակնկալել, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով,  Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Ջո Բայդենի ընտրվելու պարագայում, մեր տարածաշրջանի,  Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը չի փոխվի։

«Չեմ կարծում նաև, որ որպես Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները դիրքորոշումը կարող է փոխել։ Ընդհանրապես, եթե ուսումնասիրենք ԱՄՆ-ի վարչակազմերի պատմություն, կտեսնենք, որ նրա դիրքորոշումը երբևե փոփոխության չի ենթարկվել Արցախի հարցում, այնպես որ, չեմ կարծում, որ  այստեղ փոփոխություններ կլինեն։ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում շահեր ունի, այդ շահերը շարունակելու են սպասարկել, և, բնականաբար, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի գործոնն է հաշվի առնվելու, նաև հաշվի են առնվելու այն  գործոնները, որ Վրաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական գործընկերներ են, իսկ Հայաստանը բարձր առաջնահերթություն ունեցող պետություն, և սա ամերիկացիների պաշտոնական դիրքորոշումն է։ Չեմ կարծում, որ Բայդենի գալուց հետո որևէ փոփոխություն լինի, միգուցե ավելի լավ վերաբերմունք լինի Հայաստանի նկատմամբ, մեր իշխանությունները մեկ-երկու անգամ առիթ ունենան բարձր մակարդակի հանդիպումներ ստանալ Վաշինգթոնում, միգուցե ինչ-որ դրական հայտարարություններ լինեն, միգուցե Կոնգրեսում ինչ-որ բանաձևեր ընդունվեն, բայց գլոբալ առումով քաղաքականության փոփոխություն չի լինի»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների հայկական կազմակերպություններում թեկնածուներից որևե մեկի պարագայում միասնական որոշում չկա։

«Հայ համայնքն աջակցում է թե՛ Թրամփին, թե՛ Բայդենին։ Ինչ վերաբերում է խոստումներին. ինչո՞ւ չեն աջակցում Բայդենին, որովհետև նա՝ լինելով Օբամայի ժամանակ փոխնախագահ,  մեկ անգամ խոստում տվել էր Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, բայց չի ճանաչել, հիմա նորից է խոստացել, որ կճանաչի, բայց դրան թերահավատորեն է վերաբերվում մեր համայնքը։ Իհարկե, չեմ բացառում, որ Բայդենի ընտրվելու պարագայում այս մասով որոշակի փոփոխություններ լինեն։ Ըստ էության, ԱՄՆ-ի օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հիշենք՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում ճանաչված բանաձևերը։ Իհարկե, կարևոր է նաև նախագահի մակարդակով դա անել, իսկ Թրամփն ի տարբերություն Բայդենի և Օբամայի, երբեք չի էլ խոստացել, որ կճանաչի ցեղասպանությունը, ըստ էության, ավելի անկեղծ է եղել, չի խոստացել և չի արել, իսկ Օբաման խոստացել էր ու չէր արել, սրանից ելնելով էլ մեր համայնքային կազմակերպությունները դիրքորոշում չեն հայտնել, թե երկու թեկնածուներից ո՞ր մեկին են խորհուրդ տալիս, որպեսզի հայ ընտրողները իրենց ընտրությունը կատարեն»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ նահանգներ կան, որոնք մշտապես կամ դեմոկրատներին են ընտրում կամ հանրապետականներին, օրինակ՝ Կալիֆոռնիան մշտապես դեմոկրատներին է ընտրում և հայերը ինչպես էլ քվեարկեն, միևնույն է՝ դեմոկրատները այնտեղ հաղթելու են։