Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:

Աղբյուրը հիշեցրել է նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» թերթին տված Լավրովի հարցազրույցից ճշգրիտ մեջբերումը. «Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի: Այս թեման, մասնավորապես, բարձրացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Մենք համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը»:

«Ինչպես տեսնում եք, մեկնաբանություններում նախատինք չկա ոչ Ադրբեջանի, ոչ էլ որեւէ այլ երկրի հասցեին,- շարունակել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը,- Խոսքը մեր ծայրահեղ մտահոգության մասին է՝ կապված վարձկան գրոհայինների մուտքի հետ Անդրկովկասի տարածաշրջան, որի անմիջական հարեւանն է Ռուսաստանի Դաշնությունը: Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս»:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը միշտ առավելագույն զգուշությամբ է մոտեցել մերձավոր երկրների համար շատ զգայուն հակամարտությունում միջնորդի իր դերին: «Նախագահ Ալիեւը բազմիցս ինքն է հայտարարել այդ մասին: Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը: Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- ամփոփել է զրուցակիցը: