ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակել Վլադիմիր Պուտինի ենթադրյալ հիվանդության եւ հրաժարական տալու նրա ծրագրերի մասին տեղեկությունները՝ շեշտելով, որ պետության ղեկավարը գերազանց առողջություն ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիտեք, այստեղ մեկնաբանելու առանձնապես բան չկա: Սա կատարյալ անհեթեթություն է: Նախագահի մոտ ամեն ինչ լավ է... նրա առողջությունը գերազանց է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր ՌԴ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ հիվանդության կամ ընտանիքի խնդրանքների պատճառով: «Ո՛չ»,- պատասխանել է Պեսկովը պարզաբանող հարցին՝ նախագահն արդյոք նախատեսո՞ւմ է հրաժարական տալ: