Ուրբաթ ԱՊՀ երկրների վարչապետների խորհուրդը 23 փաստաթուղթ է հաստատել, այդ թվում՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, ինովացիաների ոլորտների համագործակցության ծրագրերը, միջտարածաշրջանային եւ սահմանամերձ հմագործակցության զարգացումը, հայտնում է Ուզբեկստանի կառավարության մամուլի ծառայությունը։

ԱՊՀ-ում հունվարի 1-ից նախագահում է Ուզբեկստանը։ Համագործակցության երկրների վարչապետների խորհրդի հերթական նիստը կայացել է ուրբաթ եւ անցկացվել տեսակոնֆերանսի ռեժիմում։

«ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստի արդյունքներով հաստատվել է 23 փաստաթուղթ, այդ թվում՝ ծրագրեր, որոնք առնչվում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցությանը, ինովացիաների ոլորտին, պատերազմի վետերանների՝ տեղային հակամարտությունների մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամների կյանքի որակի բարձրացմանը»,- նշված է Ուզբեկստանի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ վարչապետները հաստատել են մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թվականների համար) իրականացման միջոցառումների ծրագիրը, միջտարածաշրջանային եւ սահմանամերձ համագործակցության եւ գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգը, ինչպես նաեւ տրանսպորտային անվտանգության ապահովման եւ հումանիտար ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության միջոցառումների ծրագիրը։

Նաեւ համաձայնագրեր են ստորագրվել, որոնք կանոնակարգում են հասարակության թվային զարգացման եւ ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային փոխադրումների ոլորտներում փոխգործակցությունը։

«ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի մայիսի 28-ին Մինսկում՝ Բելառուսի նախագահությամբ»,- հավելել են մամուլի ծառայությունից։