ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատողների կենսաթոշակների մասին համաձայնագրի վավերացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագիրը ստորագրվել է անցած տարի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից: Փաստաթուղթը կոչված է ապահվելու կենսաթոշակային ապահովման ոլորտում աշխատողների հավասար իրավունքները, պաշտպանելու նրանց կողմից ձեռքբերված կենսաթոշակային իրավունքները ԵԱՏՄ երկրների տարածքում, ինչպես նաեւ զարգացնելու համագործակցությունը կենսաթոշակային ապահովման ոլորտում:

Ըստ համաձայնագրի՝ Միության անդամ պետությունը վճարում է աշխատողի կենսաթոշակը՝ ելնելով նրա աշխատանքային ստաժից, որը նա ձեռք է բերել այդ պետության տարածքում: Ընդ որում, աշխատողի կենսաթոշակային իրավունքի ձեւավորումն ու նշանակումը իրականացվում է այն նույն պայմաններով, ինչը որ այդ պետության քաղաքացու համար: Եթե Միության մեկ անդամ պետության տարածքում ձեռքբերված աշխատանքային ստաժը բավարար չէ այդ պետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակի իրավունք ստանալու համար, հաշվի է առնվում ԵԱՏՄ այլ անդամ պետությունների տարածքում ձեռքբերված աշխատանքային ստաժը (բացառությամբ, երբ նման աշխատանքային ստաժը համընկնում է ժամանակային առումով):

Համաձայնագիրը երաշխավորում է, որ աշխատակիցներին չեն կարող մերժել կենսաթոշակ նշանակելու կամ վճարելու հարցում այն հիման վրա, որ նրանք բնակվում են ԵԱՏՄ այլ երկրի տարածքում: Կենսաթոշակի չափը չի կարող նվազեցվել, վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել այն պատճառով, որ աշխատողն այլ անդամ երկրի տարածքում է բնակվում: