Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձգտում է դադարեցնել հետաքննությունը` 2007 թվականին Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման վերաբերյալ, հայտնում է AP-ն:

Սարկոզիի դեմ կոռուպցիայի մասին նախնական մեղադրանք է առաջադրվել 2013 թվականից հետաքննվող գործով: Ֆրանս-լիբանանցի գործարար Զիադ Թաքիեդինը 2016-ին Mediapart լրատվական կայքին ասել էր, որ 5 միլիոն եվրո կանխիկ գումար է ճամպրուկներով բերել Սարկոզիին եւ նրա աշխատակազմի նախկին ղեկավարին Լիբիայից: Սակայն Թաքիեդինը նախօրեին փոխել էր իր ցուցմունքը` BFM հեռուստաալիքին հայտարարելով, որ դա ճիշտ չէ: «Սարկոզիի նախագահական քարոզարշավի ֆինանսավորում չի եղել»:

Դրանից հետո Սարկոզին հայտարարություն տարածեց սոցիալական ցանցերում, որում նշեց, որ «ճշմարտությունը վերջապես ջրի երես է դուրս գալիս»:

Նա հայտնել է, որ կխնդրի քննիչներին հանել մեղադրանքներն իր նկատմամբ` հայտարարելով, որ դատի կտա Թաքիեդինին զրպարտության համար: