Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հակաօդային պաշտպանության հնարավորությունների բարելավման անհրաժեշտության մասին` Ռուսաստանի եւ Չինաստանի կործանիչների թվային առավելության պատճառով: Համապատասխան հայտարարությունն արվել է նոր ճապոնական կործանիչների մշակման նախագծի քննարկման կապակցությամբ պետական ծախսերի տարբեր կետերի վերաբերյալ կառավարական լսումների ժամանակ, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է ինքնապաշտպանական ուժերի ամրապնդման անհրաժեշտության մասին` Ճապոնիայի շուրջ ավելի ու ավելի բարդացող իրավիճակի կապակցությամբ` պատճառաբանելով, որ Չինաստանը եւ Ռուսաստանը «երեք անգամ ավելի շատ կործանիչ ունեն», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Միեւնույն ժամանակ, փորձագետները կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է «ակտիվորեն նոր տեխնոլոգիաներ ներմուծել` քանակը որակով հաղթահարելու համար», եւ որ բյուջեի աճը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ճապոնիան առաջատար դիրքեր զբաղեցնի նոր կործանիչների մշակման գործում:

Ի պատասխան` պաշտպանության նախկին նախարար Տարո Կոնոն, ով այժմ զբաղեցնում է վարչական բարեփոխումների նախարարի պաշտոնը, նշել է, որ «նոր կործանիչների մշակման համար անհրաժեշտ է հասնել մարդկանց ըմբռնմանը: Կարեւոր է նոր տեխնոլոգիաներ ներգրավել, եւ քանի որ դժվար կլինի զգալիորեն ավելացնել պաշտպանական բյուջեն, հակաօդային պաշտպանության ուժերը պետք է արմատապես վերանայեն անձնակազմի եւ հետազոտությունների համար նախատեսված իրենց բյուջեն` չտարվելով նախորդ նախադեպերով»:

Լսումները կանցկացվեն մինչեւ կիրակի: Պաշտպանության խնդիրներից բացի, քննարկվում են մեկ ծնող ունեցող ընտանիքներին օգնություն ուղղելու, երեխաների շրջանում աղքատության խնդիրը լուծելու խնդիրները եւ այլն:

Ճապոնիան պատրաստվում է նոր կործանիչ մշակել, որը պետք է փոխարինի ինքնապաշտպանական ուժերի ներկայիս  F-2-ները: