Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ կարելի է փորձագետներ ներգրավել, «ՌԻԱ Նովոստի»-ին  ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:

«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի»,- ասել է Միտրոֆանովան, ով նախկինում զբաղեցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնը: Նրա խոսքով` «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:

«Միեւնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից առաջարկված փորձագետների ներգրավել»,- շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առցանց ասուլիսին ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների եւ առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների հետ միասին, կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային եւ կրոնական վայրերի վերակենդանացման եւ դրանց անվտանգ եւ հարգալից գործունեության ապահովման գործում: