Հունաստանի իշխանությունները հայտարարել են բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների ժամանակավոր փակման մասին` երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին, շաբաթ օրը հայտնել են արեւմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով Հունաստանի առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասի հայտարարությունը:

Հայտարարության համաձայն` Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել դպրոցների աշխատանքը մինչեւ նոյեմբերի 30-ը:

«Տարրական դպրոցների փակումը վերջին բանն էր, որ մենք ուզում էինք անել: Սա ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը»,- պարզաբանել է նախարարը:

Ընդ որում, հիշեցրել են ԶԼՄ-ները, Հունաստանում միջնակարգ կրթական հաստատություններն արդեն փակվել են, եւ անցած երկուշաբթի օրվանից դասերն անցկացվել են հեռավար ձեւաչափով:

Մինչդեռ եվրոպական երկրների մեծ մասը, չնայած կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնակի աճին, նախընտրեցին դպրոցները բաց թողնել` ի տարբերություն առաջին մեկուսացման ռեժիմին մարտ-ապրիլ ամիսներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախապես նախազգուշացրել էր, որ դպրոցների փակումը պետք է միայն ծայրահեղ միջոցը լինի:

Հունաստանում նոյեմբերի 7-ից 30-ը մեկուսացման ռեժիմ է գործում` տեղական ժամանակով 21:00-ից 5:00 պարետային ժամով:

Հունաստանում համավարակի ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 69 675 դեպք, մահացել է 997 հիվանդ: Ամենաբարդ իրավիճակը Սալոնիկում է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: