Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն եւ անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե օրակարգում իր հրաժարականի հարցը կա՞։

Հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ հանրային վստահությունը իր նկատմամբ բավարար է, որպեսզի Ադրբեջանի հետ մասնակցի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Կարծում եմ, որ ՀՀ Կառավարությունը պետք է մասնակցի այդ բանակցություններին, բայց գործնականում հիմա տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձեւավորման գործընթաց, եւ եթե պարզվի, որ վստահությունը բավարար չէ, ապա մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին։ Եթե մասնակցենք, ուրեմն բավարար է»։

 Անդրադառնալով հարցին, թե ռուս խաղաղապահների՝ Արցախ մուտք գործելուց հետո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը, հատկապես՝ երբ արեւմտյան մամուլը գրում է, որ Հայաստանն ամբողջովին կորցրեց Արցախը, մի մասը հանձնելով Ադրբեջանին, իսկ  մյուսը՝ Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի Պաշտպանության բանակն ունենալու է այն նույն կարգավիճակը՝ ինչ ուներ։

«Երբ ես խսում եմ 20-ից 35 000 զինվորների մասին, նրանցից մի հսկայական մասը Արցախի ՊԲ զինվորներն են եւ սա նշանում է, որ Արցախի ՊԲ-ն կա եւ շարունակելու է գոյություն ունենալ։ Պաշտպանության բանակը պետք է հզորանա, զարգանա եւ երաշխավորը պետք է լինի Արցախի ինքնիշխանության»,- հավելեց նա։