Ադրբեջան զինվորականների ուղարկելու մասին Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանը վերաբերում է Թուրքիայի եւ ՌԴ-ի համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի ապահովմանը, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի համապատասխան հրամանը ներկայացվել է երկրի խորհրդարանի քննարկմանը։

«Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիթորինգային կենտրոն, անհրաժեշտ է թուրք զինվորականներին այնտեղ ուղարկել։ Սա ներքին ընթացակարգերի կատարում է, որոնք նախատեսված են Թուրքիայի ներքին օրենսդրությամբ»,- Պեսկովն այսպես է մեկնաբանել փաստաթղթի հայտնվելու փաստը։ Նա շեշտել է, որ սա Թուրքիայի ներքին գործն է։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծմանը, ապա դա Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արգասիքն է»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։