ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի այդ որոշումն իրավաչափ է, եւ, որ ինքը գոհ է այդ մոտեցումներից:

Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, մասնավորապես՝ իր եւ Աշոտ Մինասյանի հեռախոսազրույցի առնչությամբ, Բաղդասարյանն ասաց. «Ես այդ օրը մի քանի տասնյակ խոսակցություններ եմ ունեցել, պարզապես չեմ կարեւորել, որ ֆիքսեմ, թե ինչ, բայց պարզաբանվեց, որ տարբեր խոսակցություններ են կպցված իրար, եւ այլն: Ես որեւէ բան հեռախոսով թաքուն չեմ խոսում, դրա համար բաց կապով եմ խոսում, ես թաքցնելու ոչինչ չունեմ եւ նույնը դատարանում եմ ասել»։

Հարցին՝ արդյոք լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանն իրեն ասե՞լ է՝ մարդ չունե՞նք, որ մտնի իր անվտանգության աշխատակիցների մեջ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դրանք նախաքննական գաղտնիքներ են, այդ ամենը կպարզվի, պետք չէ դրա մասին մանրամասնել, բայց իրենք բոլորը հասկացան, որ Աշոտ Մինասյանի հետ ես ծանոթացել եմ, երբ ոստիկանությունը մեզ բերման է ենթարկել, եւ պատկերացնո՞ւմ եք, մենք առաջին անգամ ծանոթանալով՝ օպերացիա ենք կազմակերպել Նիկոլին խփելու համար, եւ բաց կապով այդ օպերացիան մշակում եմ, որից հետո ասում եմ՝ 2-ից հետո գնում ենք 17 կուսակցությունների հետ հավաքվելու, եւ այնտեղ էլ ասենք, թե Նիկոլին ոնց ենք խփելու, դա աբսուրդ է, դա խեղկատակություն է պարզապես»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 16-ին,, Վահրամ Բաղդասարյանի ձերբակալությունը ճանաչել  է ոչ իրավաչափ եւ կալանավորելու միջնորդությունն էլ մերժել։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։