Խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում ձեր սեղանին տարբեր փաստաթղթեր են դրվել, որոնք ըստ որոշ մարդկանց պնդումների, բոլորն էլ ավելի նպաստավոր են եղել, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

 «Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին եւ առանց որեւէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, եւ ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության: Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որեւէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»։