Իր գործունեության 19 տարիների ընթացքում «Արմնյուզը» մի քանի անգամ բովանդակային փոփոխությունների է ենթարկվել, բայց վերջին 2 տարում կենտրոնացել է լրատվական-վերլուծական արտադրանք թողարկելու վրա: Այս մասին ՀՌՀ նիստի ընթացքում հայտարարեց «Արմնյուզ» ՀԸ լրատվական-վերլուծական դեպարատամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

«Մենք աշխատելու ենք բացառապես մեկ սկզբունքով՝ հնարավորինս քիչ միջամտել հասարակական կարծիքի չեզոքացման ուղղված եւ ի հայտ եկած գործոնների վրա: Այդ պատճառով մեր ավելի քան 40 հաղորդումներում փորձել ենք լինել հնարավորինս անաչառ, հնարավորին օբյեկտիվությանը մոտ, որովհետեւ հասկանալի է, որ բացարձակ օբյեկտիվություն գոյություն չունի: Փորձել ենք ատռավելագույնս քաղաքական, հասարակական գունապնակը ներկայացնել հանրության դատին»,-ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով, հեռուստաընկերության կոնտենտի 75 տոկոսը եղել է պաշտոնական, պետական լրատվության ներկայացումը. «Մեզ հաջողվել է ձեւավորել պետականամետ կոնտենտ: Չկա քաղաքական որեւէ գույն ներկայացնող ուժ, որի համար մենք հարթակ չենք դարձել: «Արմնյուզն» իր կոնտենտով մեր պետության հարստությունն է:

Արցախյան պատերազմի ընթացքում «Արմնյուզը» կատարեց ցատկ, նոր մշակույթ մտցրեց լրատվական քաղաքական կոնտենտի հարցում՝ գործակցության ձեռք մեկնելով 16 միջազգային հեռուստաընկերության, 22 համաշխարհային ուղեղային կենտրոնի եւ որոշումների ընդունման տարբեր կենտրոնների հետ: Այն ինչ մենք արեցինք պատերազմի 44 օրերին, ուսանելի է մնացած հեռուստադաշտի ներկայացուցիչների համար, թե ինչպես պետք է աշխատել:

Առաջնագծում մեր ամբողջ թիմը ներկա է եղել, անգամ մեր բաժնետերերը մասնակցել են մարտական գործողությունների: 

Սփյուռքում այս ընթացքում մեր կոնտենտը թարգմանեցին տարբեր լեզուներով եւ տարածեցին սոցիալական ցանցերում»,-ասաց նա:

Աբրահամ Գասպարյանը հավելեց. «Մենք «Արմնյուզը» դարձնելու ենք համահայկական հեռուստաալիք, որտեղ ազգային պատկանելիության հիմքով ցանկացած հայի բոլոր քայլերը արտացոլենք մեր եթերով: Մենք ցույց ենք տվել, որ ունենք բոլոր նախադրյալները եւ պրոֆեսիոնալ առումով, եւ կադրային, եւ լոգիստիկայի, եւ կազմակերպական տանադի շնորհիվ:

Աշխարհի 67 տոկոսը շարունակում է տեղեկատվություն ստանալ հեռուստատեսությամբ: Հետեւաբար, մենք մենք այդ գործիքն օգտագործելու ենք աշխարհի բոլոր հայերին կենտրոնացնելու Հայաստան անվան տակ եւ «Արմնյուզը» դարձնելու ենք այդ հեռուստաընկերությունը»,-ասաց նա:

Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) այսօր քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:

25 հաճախականության մրցույթ է հայտարարվել: Դրանցից 6-ը հանրապետական նշանակության է, որին մասնակցում են 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային, որին մասնակցում է 4 հեռուստաընկերություն եւ 10 մարզային, որոնց մասնակցում է 13 հեռուստաընկերություն:

Ռուսաստանի հետ ամենայն հավանականությամբ կկնքվի պայմանագիր եւ 1-2 սլոթ կտրվի ռուսական հեռուստաընկերություններին:

Հունվարին կհայտարարվեն մրցույթների արդյունքները:

Այսօր 6 հեռուստաընկերություն են ներկայացնելու իրենց ծրագրերը՝«Արմնյուզը», «Հայկական 2-րդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն եւ ATV-ն: