ՆԱՏՕ-ն կարող է մեծ գին վճարել Աֆղանստանից վաղաժամ հեռանալու համար, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա շաբաթների ընթացքում զգալի թվով ամերիկացի զինծառայողների դուրս կբերի հակամարտությունից ավերված երկրից, հայտնում է AP-ը:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում կա մոտ 12 000 զինծառայող՝ տասնյակ երկրներից, որոնք օգնում են մարզել եւ խորհրդատվություն տալ ազգային անվտանգության ուժերին: ԱՄՆ զորքերը կազմում են այդ թվի մոտ կեսը, եւ 30 անդամից բաղկացած Դաշինքը մեծապես ապավինում է Միացյալ Նահանգների զինված ուժերին՝ փոխադրումների, նյութատեխնիկական ապահովման եւ օժանդակության այլ հարցերում:

«Այժմ մենք կանգնած ենք դժվար որոշման առջեւ: Մենք գրեթե 20 տարի Աֆղանստանում ենք, եւ ՆԱՏՕ-ում ոչ մի դաշնակից չի ցանկանում մնալ ավելի երկար, քան անհրաժեշտ է: Միեւնույն ժամանակ, շատ շուտ կամ չհամաձայնեցված հեռանալու գինը կարող է շատ բարձր լինել»,- ասվում է Սթոլթենբերգի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Աֆղանստանը դեռեւս «միջազգային ահաբեկիչների համար հարթակ դառնալու վտանգի տակ է՝ մեր հայրենիքի դեմ հարձակումներ ծրագրելու եւ կազմակերպելու համար»: Իսկ ԴԱԻՇ-ը կարող է Աֆղանստանում վերականգնել ահաբեկչական խալիֆայությունը, որը կորցրել է Սիրիայում եւ Իրաքում»:

Սթոլթենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ն կշարունակի աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման, խորհրդատվության եւ օժանդակության իր առաքելությունը»: «Մենք պարտավորվում ենք նաեւ ֆինանսավորել դրանք մինչեւ 2024 թվականը»:

«Եվրոպայից եւ այլ երկրներից հարյուր հազարավոր զինվորներ ուս ուսի տված կանգնած էին Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի հետ, եւ նրանցից հազարից ավելին վճարեցին ամենաբարձր գինը»,- ասել է Սթոլթենբերգը: «Մենք միասին գնացինք Աֆղանստան: Եվ երբ ժամանակը գա, մենք պետք է միասին հեռանանքё համակարգված եւ կանոնավոր կերպով: Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները կկատարեն այս պարտավորությունը մեր սեփական անվտանգության համար»,- ասել է նա: