Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 19-ին, սոցիալական կայքերի կեղծ օգտատերերի դեմ բողոքի ակցիա են անում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։ Նրանք ծաղկեպսակ է էին բերել իրենց հետ:

Ակցիայի մասնակիցներից Մանուել Մանուկյանը նշեց. «Պետությանը վնաս է հասցվել, այն աղջիկը, որ կարող էր արժանապատիվ աշխատանք գտնել, իրեն հայհոյելու համար վարձատրել են: Ես իրենց ծնողներին կոչ եմ անում կանգնեցնել իրենց, որովհետեւ արդեն իսկ բացահայտվում են եւ խայտառակվելու են: Թույլ մի տվեք, որ հայհոյեն վիրավոր տղերքին, զոհվածների ծնողներին: Սա հիմնական բուծարանն է, ես գտնելու եմ նաեւ մնացած ՊՈԱԿ-ները: Մեր հերոս տղերքի մայրերը ինչ ուզեն, կխոսեն, կուզեն, Նիկոլին կքննադատեն, իրենք վշտի մեջ են, իրավունք ունեն, իսկ ձեր նման պիղծերը մտնում ու հայհոյանք են գրում: Ձեզ գտնելու եք»:

Նա հավելեց, որ 21 հազարից ավելի ֆեյքեր են եղել ֆեյսբուքում, որոնք գործել են. «Այս ամենի պատասխանատուները եղել են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստյոպա Սաֆարյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տարոն Չախոյանը, Հովիկ Մովսիսյանը: Ամեն գրած հայհոյանքի համար դուք եք պատասխան տալու: Մնացած տվյալները մեկ առ մեկ տեղադրվելու է»:

Ակցիայի մյուս մասնակիցը՝ «Անտիֆեյք հեղափոխության» նախաձեռնության ղեկավար Արսեն Նիկողոսյանն էլ ասաց, որ իրենց բերած ծաղկեպսակը նշանակում է, որ ֆեյքերի հուղարկավորումն արդեն արվել է. «Ես ձեզ կոչ եմ անում, եթե դուք մինչեւ ժամը 11-ը չհանգստացաք եւ շարունակեցիք վիրավորել ժողովրդին, մենք կհրապարակենք ձեր լուսանկարները: Մենք հստակ գիտենք՝ ովքեր են հայհոյում իշխանության ընդդիմախոսներին: Պարոն Փաշինյան, պարոն դավաճան, դուք սրանից հետո ոստիկանական պատերի հետեւից եք տեսնելու Հայաստանի Հանրապետությունը»:

Դրանից հետո նրանք ծաղկեպսակը, որի վրա գրված էր «Դավաճան Նիկոլին եւ իր ֆեյքերին՝ ժողովրդից» մոտեցրին, որ դնեն շենքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին այն դնել մուտքի մոտ եւ փակել մուտքը: Ծաղկեպսակը դրվեց մի փոքր հեռու՝ ճաղերի մոտ: