Վարչապետի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են անում Երևանի տարբեր հատվածներում։ Քիչ առաջ նրանք փակեցին Մյասնիկյան պողոտան՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ: Փակվել էր դեպի Ավան եւ Նոր Նորք գնացող հատվածը: Նրանք հայրենասիրական երգեր են երգում, վանկարկում են «Նիկոլ դավաճան»: Վարորդներից մի քանիսը վիճաբանության մեջ մտան ակցիա իրականացնողների հետ՝ պահանջելով բացել ճանապարհը: Որոշ ժամանակ անց ակցիան իրականացնողները բացեցին ճանապարհը:

Նշենք, որ Այս պահին նմանատիպ ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում: Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։