Մենք դեռեւս 2018թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Մենք զիջել ենք  Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»,- ասաց նա՝ հիշեցնելով, թե ինչու է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

«Ինքը հրամանատար է եղել, առավել եւս, որ ես իրեն հարցրել եմ, ինքն այդ բոլորը թաքցրել է»,- նշեց նա։

Նշենք, որ Արտակ Դավթյանը 2017–ից հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր։

Հարցին, թե ասուլիսում շատ ինֆորմացիա  բացահայտելուց հետո մտավախություն  չունի՞, որ իրեն կձերբակալեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

 «Ավելի լավ, բանտում քիչ եմ եղել, մի քիչ էլ կգնամ կնստեմ, որեւէ սարսափելի բան չկա, բանտն էլ է մարդու համար»։