Բոլոր դեպքերում տեղի ունեցածի վերլուծություն պետք է կատարվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին պատերազմին:

«Երբ ստեղծվում էր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը, ես ասել եմ՝ կա բանակի կատարած վերլուծություն, տրված գնահատական, որոշակի թերացումներ կան, դա վերցրեք որպես հիմք, այդ թերությունների շրջանակում, եթե ինչ-որ բան անհասկանալի է, հասկացեք, դավադրություն չփնտրեք, որովհետեւ չեք գտնելու»,-ասաց նա:

Անդրադառնալով ապրիլյան քննիչ հանձնաժողովի սպասվող եզրակացությանը, Մովսես Հակոբյանն ասաց. «Ես վախենում եմ, որ այնտեղ նյութեր կլինեն, որտեղ զինվորը գնահատական կտա՝ ԳՇ պետը ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ: Հիմնական մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեին, որոնք պատասխանատու են, ԳՇ վերլուծության մեջ դա կա: Որեւէ բան չի փոխելու, որովհետեւ այն իր էությունը կորցրել է, այս արհավիրքը, որ հասել է մեզ, դրա համեմատ դա ոչնչություն է լինելու:

Իսկ այս պատերազմի մասով, ես կարծում եմ՝ ռազմական կառույցը ինքը պետք է վերլուծություն կատարի, ստեղծի համապատասխան հանձնաժողով, կուսումնասիրի»,-ասաց նա: