Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ անկեղծ եւ բարեխիղճ երկխոսության:

Նրա խոսքով՝ Հունաստանը, որը ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից, այժմ բախվում է մարտահրավերների, որոնք խաթարում են ՆԱՏՕ-ի միասնությունը: «Դաշնակիցները չեն կարող համագործակցել ջիհադիստական խմբավորումների հետ: Նրանք չեն կարող փորձարկել Ս-400-երը: Նման պրակտիկան խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունն ու որպես քաղաքական եւ ռազմական կազմակերպություն ՆԱՏՕ-ի արդյունավետությունը»,-հավելել է Հունաստանի վարչապետը:

Նա նշել է, որ Հունաստանը բախվել է Թուրքիայի միակողմանի գործողությունների եւ անվտանգության կոնկրետ մարտահրավերների հետ, ներառյալ 35 օրվա ընթացքում Միջերկրական ծովում առճակատում՝ «իրավիճակ, որը սպառնալիքի տակ է դրել դաշինքի հարավային թեւի անվտանգությունն ու կայունությունը»:

«Ինչպես բազմիցս ասել եմ, Հունաստանն ու Թուրքիան պետք է բանակցեն, եւ եթե մենք համաձայնության չգանք, ապա պետք է կարգավորենք մեր վեճերը՝ դիմելով Հաագայի միջազգային դատարան, եւ թող իշխի օրենքի գերակայությունը»,-շարունակել է Միցոտակիսը:

Նա նշել է, որ երկար է սպասել Թուրքիայի կողմից փոխադարձությանը, եւ եթե երկխոսության կոչերն անպատասխան մնան, ապա Եվրամիությունը քայլեր կձեռնարկի՝ պաշտպանելու իր ռազմավարական շահերն ու անդամ պետությունների շահերը: