Նիկոլ Փաշինյանի հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքին ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Բոլորը շատ լավ հասկանում են, գիտակցում են՝ ինչ է կատարվել։ Ես չեմ հասկանում մի բան՝ ինչու այս խայտառակությունից, դավաճանություններից հետո հավաքվել է ընդամենը մի Ազատության հրապարակ։ Չեմ կարողանում ես սա հասկանամ։ Ստացվում է, որ երբ որ տրանսպորտի գինը 100 դրամով բարձրացրին, հզոր ակցիաներ էին, նույնիսկ աստղերը տաքսի էին քշում։ Իսկ հիմա՞։ Բոլորը երջանի՞կ են, գո՞հ եք, լա՞վ է ամեն ինչ։ Ամենահեշտ պատասխանը՝ ասելն է, որ չէ, մենք Նիկոլին դեմ ենք, ուզում ենք՝ հեռանա, բայց այս կուսակցություններին չենք վստահում։ Իմ կյանքում էլ էնպես է, որ մի ձեռքի վրա կարող եմ հաշվել, թե քանի հոգու եմ ես վստահում։ Ամբողջ հարցը նրանում է, որ իրենք են հիմա բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքվեք, դուք արեք, գամ ձեր կողքը կանգնեմ։ Իմ համար սա քաղաքական հարց չի, սա իմ համար արժանապատվության հարց է։ Անկախ նրանից՝ 1000 հոգի կհավաքի, 100 հազար հոգի, ամեն անգամ ես գալու եմ։ Ես անկեղծ եմ նրանում, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է մեր երկրի համար, պետականության համար, ինքը վտանգ է մեր վաղվա օրվա համար։ Ինքը պետք է հեռանա։

Նիկոլին հաջողվեց մի բան․ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ։ Բրավո, հաջողվեց։ Բայց ես համոզված եմ մի բանում․ էս ատելությամբ լցված վիճակի մեջ, իրարից զզվելով վիճակի մեջ մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի։ Սա շատ վտանգավոր բան է»,- նշեց նա։

Մհեր Մկրտչյանն անդրադարձավ նաեւ վերջին օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնություններին։

«Մեր ոստիկաններին մի ուղերձ՝ տղերք, Երեւանի փողոցներում Ռեմբո մի խաղացեք, Երեւանի փողոցներում էդ երեխեքի դեմ , որովհետեւ շատերդ շատ երիտասարդ եք, չեք հասցրել դեռ համաշխարհային պատմությունը լավ ուսումնասիրել, որովհետեւ վաղը կամ մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»,- նշեց նա։