Արեւմտյան Ավստրալիայում տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետեւանքով: 55-ամյա տղամարդուն դուրս են քաշել ջրից լուրջ վնասվածքներով, եւ ոստիկանությունը մինչ բուժաշխատողների ժամանումը նրան բուժօգնություն է ցուցաբերել: Ըստ ոստիկանության, նա մահացել է դեպքի վայրում, հայտնում է CBS-ը:

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք կրակել են շնաձկան վրա, որը հարձակվելուց հետո մոտ կես ժամ մնացել է ափի մոտ: Ենթադրաբար, դա կարող է լինել վագրային շնաձուկ, որին երբեմն դեպի ափ են ձգում մանր ձկների վտառները:

Քիմբերլիի շրջանի ոստիկանության տեսուչ Ջին Փիրսը հայտնել է, որ հարձակման պահին զոհը լողափից 30-40 մետր հեռավորության վրա է եղել: Լողափին մի զույգ տեսել է, թե ինչպես են ջուրը ճողփում եւ շտապել է տղամարդուն դուրս քաշել անվտանգ վայր: Տղամարդը ոտքի եւ ձեռքի վնասվածքներ է ստացել:

Այս տարի շնաձկների հարձակումներից զոհվածների թիվն Ավստրալիայում ամենաբարձրն է 1929 թվականից հետո, երբ ինը մարդ էր զոհվել: 1930-ականներին հայտնի լողափերին շնաձկների ցանցերի ներդրումը հանգեցրել է մահացու ելքով հարձակումների զգալի նվազման: