Կատարի դատախազը քրեական գործ է հարուցել երկրի «Համադ» օդանավակայանում աշխատող անհայտ թվով ոստիկանների դեմ այն բանից հետո, երբ մի քանի կանայք հայտարարել են, որ ենթարկվել են ինվազիվ խուզարկության, հաղորդում է Reuters-ը:

Կանանցից մի քանիսը ավստրալուհիներ են եղել, եւ միջադեպը վրդովմունք է առաջացրել Ավստրալիայում: Կատարի պաշտոնյաները հայտնել են, որ զննումներն իրականացվել են օդանավակայանի զուգարանում աղբարկղի մեջ նետված նորածին երեխայի մորը գտնելու համար:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ խուզարկությունները սարսափելի են եղել, եւ Կատարի վարչապետ շեյխ Խալիդ բին Խալիֆա բեն Աբդել Ազիզ Ալ Թանին ներողություն է խնդրել:

Դատախազությունը հայտարարել է, որ օդանավակայանի անվտանգության վարչությունում աշխատող դատական ոստիկանության աշխատակիցները խախտել են օրենքը՝ խուզարկություններ կատարելու համար կանչելով բժշկական անձնակազմի կանանց: Ոստիկանները գործել են միակողմանի, եւ նրանց սպառնում է «մինչեւ երեք տարվա պատիժ»:

Դատախազը հայտարարել է, որ ինքը նաեւ սպանության փորձի մեղադրանք է առաջադրել երկրից փախած երեխայի մորը եւ դատական գործ է հարուցել նրան ձերբակալելու համար: Հայտարարության մեջ ասվում է, որ «ասիական քաղաքացիություն» ունեցող մորը, եթե մեղավոր ճանաչվի, սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում: Դատախազի խոսքով՝ լքված երեխայի մայրը գրել է հորը, որ ինքը նոր է ծննդաբերել, լքում է երեխային եւ հեռանում երկրից: Աղջկան խնամում են Կատարի իշխանությունները:

Դատախազի հայտարարության մեջ ասվում է, որ բժշկական անձնակազմին կանչել են «կին ուղեւորների արտաքին զննման համար», ինչը հակասում է Ավստրալիայի իշխանությունների պաշտոնական պնդումներին, թե կանայք ենթարկվել են ինվազիվ խուզարկության: