19-ամյա Ալեքսանն ուզում էր ծառայությունն ավարտելուց հետո ապրել, աշխատել հայրենի Հադրութի Ազոխ գյուղում ․ Ալեքսանն ընկավ կռվի երկրորդ օրը, հայրենի գյուղն ու տունը պատերազմի ընթացքում անցան Ադրբեջանին։

Անհասցե մնացած Մարտիրոսյանները միակ արու զավակի՝ Ալեքսանի մարմինը գտան ու «Եռաբլուրում» հողին հանձնեցին միայն 45 օր անց։

Տունն ու հողը կորցրած հայրը՝ Գրիման, այժմ կարգի է բերում «Եռաբլուրի» հարյուրավոր թարմ շիրիմների մեջ որդու փոքրիկ հողակտորը։

Գրիմանն էլ է այս պատերազմում կռիվ տվել, բայց Մարտակերտում ծառայող որդուց կիլոմետրեր հեռու՝ Հադրութի առաջնագծում։ Հարձակման առաջին օրը որոշել է տեղափոխվել որդու մոտ, սակայն մինչև կհասցներ տեղափոխվել, ստացել է Ալեքսանի մահվան լուրը։

«Առաջին օրը, որ կռիվը սկսվել ա, առավոտ մինչեւ ժամը 5-ը կռվել են, կամանդիրն ասել ա՝ մի երկու ժամ գնացեք, հանգստացեք, նորից կկռվեք։ Նույն օրը սաղ օրն ուզել եմ խոսել հետը, չեմ կարողացել։ Իրիկունը զանգեց, հարցրի՝ խի՞ չես խոսում, մի բան ասա, ասում ա՝ սաղ լավ ա, դուք էլ էդտեղ լավ պահեք, արխային, ես լավ եմ։ Ուզում էի գնամ, իր կողքը լինեմ, օգնեմ, բայց չկարողացա, հաջորդ օրը լսեցի, որ Ալեքսը չկա»,- NEWS.am-ին ասում է Գրիմա Մարտիրոսյանը՝ տեղավորելով որդու հողաթումբը ամրացնելու համար բերած քարերը։

Ալեքսանը հերոսի կռիվ է տվել. հրամանատարն է հորը պատմել. «Ասում է՝ պարտաճանաչ երեխա էր, նմանը չկար, բոլորս սիրում էինք իրեն, կայծակի պես էր աշխատում, ինչ ասում էի, ամենաառաջինն ինքն էր, ամեն ինչ գալիս էր ձեռքից։ Վարորդներից էլ ամենալավն ինքն էր, որ ավտոն պետք ա տեղաշարժեինք, իրեն էինք ասում»։

Ալեքսանը համավարակի պատճառով 8 ամիս է՝ արձակուրդ չէր գնացել, ամբողջ ընթացքում ընտանիքը մի անգամ էր կարողացել այցելել նրան։ Թե ինչ նպատակներ ուներ, ինչ էր մտածում անել, հայրն ինքն էլ չի հասցրել նրանից իմանալ։ Որդին հրամանատարի հետ է այդ մասին խոսել։

«Ասել է՝ գնալու եմ տուն, ոչ մի տեղ չեմ գնալու գյուղից, այնտեղ եմ ապրելու մեր ունեցվածքով։ Ամեն ինչ ունենք՝ տեխնիկա, ավտո, հողամաս»,- պատմում է հայրը։

Ալեքսանի ընտանիքի ունեցվածքից ոչինչ չի մնացել, Մարտիրոսյանների 4 հոգանոց դարձած ընտանիքը՝ հայր, մայր, երկու դուստր, ապաստանել են Հայաստանում՝ բարեկամներից մեկի տանը։

Ալեքսանը զոհվեց՝ չտեսնելով իր տան ու հայրենիքի կորուստը, ու կռվեց՝ հաղթանակին այլընտրանք չտեսնելով։