Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչեւ հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաեւ հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել  կառավարությունում, եւ իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետեւյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջեւ կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը:

Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետեւ այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր եւ ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, եւ իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը  կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում:

Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, եւ ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետեւ ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա:

Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ եւ պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ: Այսինքն, այստեղ նստելու տեղերի տարբերություն պետք է չլինի, պետք է բաց, անկեղծ ամեն ինչի մասին խոսենք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում, որոնք կլինեն շարունակական: «Ես խնդիրը հետեւյալ կերպ եմ ձեւակերպել. ասել եմ՝ այդ մարդիկ ոչ թե իրենք պետք է ամեն օր գան մեզ մոտ, այլ մենք ամեն օր պետք է գնանք իրենց մոտ: Այնպիսի տպավորություն է, թե տարբեր բարիկադներ են ու տարբեր կողմերում մարդիկ. այդպիսի բան ուղղակի լինել չի կարող, ի բնե չի կարող:  

Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ եւ հույս ունեմ, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել եւ այդ առիթով ուրախանալ»,- ասել է վարչապետը:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, պատասխանել, ներկայացրել պարզաբանումներ եւ պատասխանել նրանց տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաեւ մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ: